«Փարիզյան սուրճի» սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը վստահ է, որ հայաստանյան իշխանությունը խանգարելու է իրեն նաև «Փարիզյան սուրճի» վաճառքի հարցում: Այս մասին նա այսօր հայտարարել է Epress.am-ի հետ զրույցում:
Նշենք, որ Գործունյանը ցանկանում է վաճառել «Փարիզյան սուրճը», քանի որ վերջնականապես որոշել է լքել Հայաստանը:
«Տասնվեց տարի ողջ ունեցվածքս ներդրել եմ Հայաստանում և համարվում եմ առաջին ներդրողներից, սակայն մինչ օրս մեր իշխանությունը միայն խոչընդոտներ է ստեղծել թե իմ, թե իմ ղեկավարած ընկերությունների համար: Ցավում եմ, որ, հեռանալով Հայաստանից, թողնում եմ լավագույն ընկերների, ում ձեռք եմ բերել այս տարիների ընթացքում: Այս պետությունը չի մտածում, որ Հայաստանը պետք ունի սփյուռքահայության և երկիրը շտկելու համար օդի ու ջրի պես անհրաժեշտ է դրսի աջակցությունը: Իմ օրինակը դաս կլինի շատերի համար, ովքեր կզգուշանան Հայաստանում ներդրումներ անել: Պետական մարմինները ընտրվում են այս երկրի հոգսը թեթևացնելու, ժողովրդին ու տնտեսությանը ծառայելու, միջոցներ ստեղծելու համար… բայց եթե նրանք ի վիճակի չեն ժողովրդին օգնել, ուրեմն պետք չէ, որ իրենք մնան», – ասել է նա:
Գործունյանի խոսքով՝ իշխանությունների արշավն իր դեմ երկար տարիների պատմություն ունի:
«Չորս տարի առաջ ամուսնուս հետ ծագած անձնական խնդիրները դարձան իմ նկատմամբ ոտնձգությունների պատճառը: Ի սկզբանե ամուսինս բիզնեսին տիրանալու մեծ նկատառումներով տարատեսակ դավադրություններ էր ստեղծում ինձ համար: Ի վերջո, սերտ հարաբերություններ ունենալով ներկա իշխանավորների հետ և չկարողանալով խլել ունեցվածքս, պետական մակարդակով սկսվեցին իմ նկատմամբ հետապնդումները: Արդարադատությունն օգնեց, որ ամուսնալուծությունից հետո ամուսինս տիրանա իմ երկու բնակարաններին, սակայն «Փարիզյան սուրճին» տիրանալ չհաջողվեց: 2010 թվականի օգոստոսի 10-ին հարկայինը ստուգումներ անցկացրեց իմ ընկերությունում ու խախտումներ արձանագրեց հաշվապահական հաշվարկներում: Ինձ ներկայացրեցին 48 միլիոնի դրամի ակտ, որը պարտավոր էի վճարել շատ կարճ ժամանակահատվածում: Երբևէ չլսած ու չտեսնված բաների ականատես ու ականջալուր եղա Հայաստանում ու հասկացա, որ հարկայինի հետ խնդիրներ ունեցողը խնդիրներ ունի ոչ միայն արդարադատության, այլ մի շարք գերատեսչությունների հետ: Պարզվեց, որ օրական ավելացող տոկոսների արդյունքում գումարը դարձավ 80 միլիոն դրամ», – ասել է Գործունյանը:
Սփյուռքահայ գործարարը պատմել է, որ ինքը դիմել է նախագահի Վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Հովսեփյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու տարբեր պատկան մարմիններին՝ պարտքը մարելու համար իրեն ժամանակ տրամադրելու ակնկալիքով:
«Ինձ զարմացրեց մեր դատավորների ու իշխանական մարմինների վերաբերմունքը: Դատավորները կաշառված են, չկա արդարադատություն: Ինձ պարտադրեցին սեղմ ժամկետում մարել պարտքս: Սփյուռքահայությունը նույնպես արձագանքեց և ընկերներիցս ոմանք դիմեցին վարչապետին՝ ժամանակ տրամադրելու համար, սակայն վարչապետը մերժեց: Վահե Պետրոսյանը, ում ընկերությունը զբաղվում էր իմ ընկերության հաշվապահությամբ և ում գործունեության արդյունքում գոյացել էր այդ պարտքը, լավ ծանոթ լինելով հայաստանյան օրենքներին, ոչինչ չուներ իր անունով, հետևաբար նրա ու նրա ղեկավարած հաշվապահական ընկերությունը չէր կարող մարել այդ պարտքը:
Չունենալով այդ գումարը, ես ստիպված վաճառեցի ինձ պատկանող սուրճի բովարանն ու մարեցի պարտքս», – ասել է նա:
«Փարիզյան սուրճի» սեփականատերը հավաստիացնում է, որ մինչ այսօր շարունակաբար իր դեմ տարբեր միջոցներ են կիրառվում:
«Ես չգիտեի, որ «Փարիզյան սուրճի» տակ մոլիբդենի հանք կա , այլապես ինչու են հայաստանյան իշխանավորները հետաքրքրված այս ընկերությունով: Այսօր արդեն դրված է վերջակետը, ու «Փարիզյան սուրճը» հանված է վաճառքի: Ես հեռանում եմ Հայաստանից՝ հիասթափված ու խորը ցավով: Ամեն ինչ արեցի` փրկելու իմ հիմնած ու փայփայած ընկերությունը, սակայն ապարդյուն: Միակ նպատակս այն է, որ ինձանից հետո «Փարիզյան սուրճն» ունենա առաքինի տեր, ոչ թե ինչ-որ անթրաշ, հաստավիզ ու տգեղ մեկը գա ու տիրանա այս ամենին: Ուզում եմ, որ իմ աշխատողները մնան ու լինեն ապահով ձեռքերում: Կմեկնեմ Փարիզ ու կզբաղվեմ իմ սիրելի բիզնեսով, որը կհիմնեմ հայաստանյան հիշողությունները ջնջելուց հետո», – ասել է Գործունյանը:
Նրա խոսքով՝ վերջին օրերին սոցիալական ցանցերում մարդկանց կողմից բարձրացած ալիքն աննկարագրելի անակնկալի է բերել իրեն: Նշենք, որ սոցիալական ցանցերում ի պաշտպանություն «Փարիզյան սուրճ» սրճարանի և նրա սեփականատիրոջ խմբեր են ստեղծվել:
Գործունյանը նշել է, որ ցավով է լքելու Հայաստանը:
«Ես այս ժողովրդի մի մասն եմ, ես թաղել եմ իմ ընկերներին Եռաբլուրում, մասնակցել եմ ղարաբաղյան պատերազմին: Այս ամենն արել եմ իմ կամքով ու այսօր սարսափում եմ, երբ տեսնում եմ, որ օր առաջ հայաստանցիները լքում են Հայաստանը: Ես ահավոր մտահոգված եմ, որ մարդիկ հիասթափված հեռանում են ու հեռանում են գրագետ ու գործունյա մարդիկ: Զարգացած մարդուն այստեղ ճնշում ու ճզմում են, այստեղ ամեն գեղեցիկ բան վերացվում ու խորտակվում է հաստավզերի ու անթրաշների կողմից»: