Home / Հայաստան / Ինչու է Ադրբեջանը կիսաբաց պահում Թուրքիայի հետ սահմանը. Հայաստանը կապ չունի. «ՆԳ»

Ինչու է Ադրբեջանը կիսաբաց պահում Թուրքիայի հետ սահմանը. Հայաստանը կապ չունի. «ՆԳ»

Փետրվարի 1-ից վիզային ռեժիմ մտցնելու կամ այն խստացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը հարված է հասցրել Վրաստանի ռազմավարական ծրագրին, որը հայտնի է պայմանական «Կովկասը` ընդհանուր տուն» անվամբ: Թբիլիսի այցելած թուրքական խորհրդարանի պատվիրակության պարզաբանումներն այն մասին, որ նոր օրենքը վերաբերում է բոլոր արտասահմանցիներին, թույլ մխիթարանք կարող է լինել: Հատկապես, որ Անկարայի նորարարությունը չի տարածվում մեկ այլ հարևանի` Ադրբեջանի վրա, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Նոր օրենքի համաձայն, փետրվարի 1-ից արտասահմանցիները Թուրքիայում կկարողանան անցկացնել ընդամենը 3 ամիս, այս ժամկետի ավարտից հետո պետք է լքեն երկիրը, իսկ վերադառնալ այնտեղ կարող են միայն ևս երեք ամիս անց: Խոսելով այն մասին, որ վիզային ռեժիմի խստացումը տարածվում է բոլոր արտասահմանցիների վրա, պարոն Բոզքիրը (Վոլկան Բոզքիր`Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ) անճշտություն է թույլ տվել: Համենայնդեպս, Թուրքիայում Ադրբեջանի քաղաքացիների վրա տարածվող օրենքների մասին համապատասխան մարմինները ոչինչ չկարողացան ասել, երևում է, որ նրանք Թուրքիայում կմնան ցանկալի հյուր նաև փետրվարի 1-ից հետո, համաձայն Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի պնդման. «Երկու պետություն, մեկ ժողովուրդ»:

Պարբերականը հիշեցնում է, որ Բաքուն, սակայն, այդպես էլ չէր համարձակվում Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ մտցնելու մասին որոշում կայացնել` Անկարայի բազմաթիվ հիշեցումներին պատասխանելով պաշտոնական խոստումներով: Պաշտոնական վարկածի համաձայն, Ադրբեջանը Թուրքիայի հետ սահմանները ամբողջությամբ բացելուց խուսափում է Հայաստանի հետ փաստացի պատերազմական իրավիճակի պատճառով: Բայց այդ ժամանակ հարց է ծագում. ինչո՞ւ է այն բաց Վրաստանի համար, որի հետ Հայաստանը շատ ավելի ջերմ հարաբերություններ ունի, քանի Թուրքիայի, իսկ հետևաբար, Հայաստանի ենթադրյալ դիվերսիոն խմբերի ներխուժման հավանականությունը Ադրբեջանի տարածք Վրաստանի կողմից շատ ավելի բարձր է, քան Թուրքիայի տարածքից: Այդ իսկ պատճառով, ավելի ճշմարտանման է այն վարկածը, համաձայն որի պաշտոնական Բաքուն նախընտրում է ադրբեջանա-թուրքական սահմանը կիսաբաց պահել Անկարայի` առանց այն էլ տեղի բնակչության վրա ունեցած չափից շատ մեծ ազդեցության ավելացման վտանգի պատճառով: «Բավական է միայն այն, որ Նախիջևանի  ինքնավար մարզը բավական թափանցիկ սահման ունի Թուրքիայի հետ»,- ասել է Բաքվում թերթի աղբյուրը:

Անկարայի որոշումը մտահոգել է Թբիլիսիին, որը հարևանների հետ առավելագույնս բաց լինելու քաղաքականություն է որդեգրել: Իրավիճակի նրբությունը նաև նրանում է, որ հարևանների հետ առավելագույնս թափանցիկ սահմանների  վերաբերյալ Միխեիլ Սահակաշվիլի գաղափարը առաջինը պաշտպանել է Հայաստանը, որը նախորդ տարվա վերջին Վրաստանի Ազգային անվտանգության ռազմավարության վերախմբագրված տարբերակում բարիդրացիական պետության դերում է հանդես գալիս, մինչդեռ Թուրքիան և Ադրբեջանը ընդգրկվել են ռազմավարական գործընկերների ցուցակում: Եվ եթե Անկարայի հետ Վրաստանին հաջողվել է համաձայնության գալ միացյալ մաքսային ռեժիմի վերաբերյալ  և անգամ սկսել այդ սխեմայի իրականացումը, ապա Բաքվի հետ գործը առանց վիզային ռեժիմի պահպանումից այն կողմ չի անցել: