ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների հրավիրած` 100 տոկոս համամասնական ընտրակարգով ընտրություններն անցկացնելու ծրագրի մասին համաժողովին ելույթ ունենալով` ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ողջունել է այն փաստը, որ կուսակցությունների նման աննախադեպ համախմբվածություն ունեն ընտրական օրենսգրքում սույն փոփոխությունը նախաձեռնելու հարցում:
«Եթե որևէ քայլ չձեռնարկենք, ժողովրդի կամքը նորից ու նորից բռնաբարվելու է եկող ընտրությունների ժամանակ: Ընտրությունների կեղծման պատճառով է, որ մեր երկրում հնարավոր դարձավ Մարտի մեկի պես դեպք»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ համակարգողը հիշեցրել է, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունները մշտապես եղել են ՀԱԿ-ի ուշադրության կենտրոնում. 2010թ. ՀԱԿ-ը 7 փոփոխություններ առաջարկող փաթեթ է ներկայացրել Եվրախորհդին:
«Ընտրական համակարգի փոփոխություններին նվիրված համապետական հանրահավաք ենք անցկացնելու փետրվարի 17-ին: Հանրահավաք ենք նախատեսել նաև այն օրերին, երբ ԱԺ-ում քննարկվելու է այդ օրենսդրական փաթեթը»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
Համաժողովին առաջարվող օրենսդրական փոփոխությանը կողմ է արտահայտվել նաև քաղաքական վերլուծաբան Անդրանիկ Թևանյանը: «Դեմ լինելով համամասնական համակարգին` իշխանական կուսակցություններն ընդունում են, որ չունեն ձայներ: Նրանց քարոզարշավը հիմնված է այն բանի վրա, որ պայքարելու են օլիգարխների դեմ, սակայն չեն ցանկանում օր առաջ ազատվել օլիգարխներին խորհրդարան բերող մեծամասնական համակարգից: Ես դեմ եմ, որ մեր երկրում եգիպտական զարգացումներ լինեն, 100% համամասնական համակարգին անցնելը վերջին շանսն է իշխանությունների համար այդ հեռանկարից խուսափելու համար»,- ասել է Անդրանիկ Թևանյանը: