Home / Հայաստան / ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ – «Անչափ բարի» հայ տատիկը պատմել է` ինչպես է հաղթել գեղեցկության մրցույթում

ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ – «Անչափ բարի» հայ տատիկը պատմել է` ինչպես է հաղթել գեղեցկության մրցույթում

Հայաստանը ներկայացնող երեք երեխաների մայր և երկու թոռնիկների տատիկ 51-ամյա Լուիզա Աղաջանյանը Mrs. Grandma Universe (Միսիս Տատիկ Տիեզերք) մրցույթում հաղթող է ճանաչվել 15 երկրների ներկայացուցիչ տատիկներից: Տատիկների 36-55 տարեկան տարիքային խմբում Լուիզան գրավել է առաջին՝ գլխավոր մրցանակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմել է Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի նախագահ, Միսս եւ Միստր աշխարհ միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը:

«Հունվարի 19-23-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած «Miss Grandma Universe-2012» գեղեցկության, տաղանդի միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցող աշխարհի տարբեր երկրներից ժամանած տատիկներից նա միակ ներկայացուցիչն էր, որ ստացել է ամենաթանկ գլխավոր մրցանակը՝  7-օրյա ուղեգիր Բուլղարիայի Վառնա քաղաքի մոտ գտնվող «Զլատի Պյասցի» հանգստավայր», – ասել է Խաչատրյանը:

Նա նշել է, որ ինքը համոզել է Լուիզային դուրս գալ բեմ, բայց վերջինս պայման է դրել բեմահարթակ դուրս չգալ լողազգեստով:

«Առաջին փուլում մասնակից-տատիկները ներկայացրել են ազգային տարազը, Հայաստանի պարագայում տարազը կարվել էր հայկական դրոշից, երկրորդ փուլում` Լուիզան ներկայացրել է  խոհարարական հմտությունները՝ հայկական տոլմա է եփել և  հանդես է եկել սեփական բեմադրությամբ՝ պարով: Պետք է նշեմ, որ Լուիզան իր խառնվածքով հուզումնալից է՝ հրաշալի պարում և ստեղծագործում է, իսկ երրրորդ փուլում ներկայացել է երեկոյան զգեստով՝  ի դեպ հագուստի հեղինակը Լուիզան էր», – պատմել է Խաչատրյանը:

Լուիզան պատմել է, որ մինչ գնալը ապրումներ է ունեցել, սակայն, ծանոթանալով տատիկներին, հավատացած է եղել, որ հաղթանակը իրենն է լինելու:

«Կյանքիս 52 տարիներից 33-ը նվիրել եմ երեխաներիս, ընտանիքիս: Բնավորությամբ շատ պարզ եմ, մեծահոգի, նպատակասլաց և անչափ բարի եմ, երևի այս հոգեկան բարությունն արտահայտվել է իմ արտաքին տեսքին: Պլաստիկ վիրահատություններ չունեմ, քսուկներ չեմ օգտագործում, դիետաներ երբևիցե չեմ արել , միայն ուրախ եմ , պարում եմ, փոքր ինչ զբաղվում եմ աերոբիկայով», – հիշեցրել է Լուիզան:

Ընտանիքի անդամների վերաբերմունքն այս մրցույթին իր մասնակցության  մասին Լուիզան ասել է:

«Տղաս մի քիչ  դեմ էր, թոռնիկներս դեռ փոքր են առայժմ, չեն հասկանում, իսկ աղջիներս  մեծ սիրով ինձ աջակցեցին, ոգևորեցին, դեռ օդանավակայանում էլ երկմտում էի՝ գնալ, թե չգնալ, բայց շնորհակալ եմ բարի մարդկանց, ովքեր ինձ ոգևորեցին ու հորդորեցին գնալ»:

Լուիզայի հավաստմամբ 50-ից հետո մայրը, տատիկը գնում են մայրամուտ և այս միջոցառումն իրեն  հոգեկան մեծ սնուցում է տվել:

« Նույնը ցանկանում եմ բոլոր տատիկներին ու հորդորում չոգևորվել միայն ընտանեկան, խոհանոցային  գործերով, թոռնիկներին խնամելով, ավելի շրջահայաց լինեն և չընկճվեն կյանքում երբևիցէ»,- խորհուրդ է տվել հաղթող տատիկ Լուիզան: