Home / Հայաստան / Բանտերին վերաբերող խնդիրները copy-paste են արվում, որովհետև մնում են չլուծված. Սաքունց

Բանտերին վերաբերող խնդիրները copy-paste են արվում, որովհետև մնում են չլուծված. Սաքունց

Արդարադատության նախարարությունը հրաժարվում է քննել առանձին դեպքեր` կապված ՔՀԿ-ներում Հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդ խմբի կողմից հայտնաբերված իրավախախտումների հետ, այլ կողմ է միայն ընդհանուր մեխանիզմների և բարեփոխումների քննարկմանը: Այսպիսի հայտարարություն է արել ԱՆ խորհրդատու Նիկոլայ Առուստամյանն այսօր Դիտորդ խմբի նախաձեռնած 2011 թվականի ընթացքում տված հրատապ հաշվետվությունների քննարկման ժամանակ:

Նա նաև քննադատել է դիտորդ խմբի աշխատանքը` ասելով, թե խումբը բարձրացնում է հարցեր, որոնք չեն մտնում իր իրավասության տակ:

«2009, 2010 թվականի զեկույցները ձևական բնույթ են կրել: Ձևականությունը հասնում է այն աստիճանկի, որ copy-paste են արվում շատ հարցեր ամեն տարվա զեկույցում:   Կոռեկտ չէ` ուսուցչի դեր տանել նախարարության գլխին»,-  նկատել է Առուստամյանը:

Նա նաև հորդորել է չմոռանալ, որ կառույցը ստեղծվել է հենց Արդարադատության նախարարության կողմից, և ոչ թե միջազգային կառույցների դրդմամբ, ուստի նախարարությունը շահագրգռված է դրա արդյունավետությամբ, բայց  ավելի  «կոռեկտ» կլիներ քննարկումը հանրային չդարձնել:

Սույն հայտարարությանն անդրադառնալով`Դիտորդական խմբի նախագահ Արթուր Սաքունցն ասել է, որ հիմնահարցերը կրկնվում են, քանի որ նախարարությունը դրանց լուծում չի տալիս:

Խմբի մեկ այլ անդամ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ ասել է, որ իրականում խումբը չի ստեղծվել է որպես նախարարին կից կառույց:  Նա նշել է նաև, որ չի փոխվել ՔՀԿ-ներում վիճակը ոչ միայն Դիտորդ խմբի գնահատմամբ, այլև միջազգային կառույցների, օրինակ, Պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի կարծիքով: