Հայաստանի Ազգային ժողովում այլոց փոխարեն քվեարկելու երեկվա դեպքն առաջինը չէր, եղել են ավելի արտառոց վայրագություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ-ական պատգամավորներից մի քանիսը քվեարկել են մեկը մյուսի փոխարեն, ինչն առաջացրել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի դժգոհությունը, ով նշել է, որ այդ ամենը էթիկայի բոլոր չափանիշների խախտում է:
«Սա նշանակում է, որ իշխող քաղաքական ուժն իրականության մեջ ուժ չէ, այլ ուժ է ուժի զոռով, ո’չ համոզելու, ոչ էլ տեղ հասցնելու իր ասածը որպես ճշմարտություն ունակություն չունի այլևս: Նույնիսկ սեփական ֆրակցիայի քվեարկությունը կազմակերպել չի կարողանում, դրա ավելի վառ օրինակը եղավ մի քանի օր առաջ, երբ կոալիցիոն ֆրակցիաներից մեկը լքեց դահլիճը (նկատի ունի ԲՀԿ-ի կողմից բոյկոտած «Կանխիկ գործառնությունների սահմանափակման» օրենքի քվեարկությունը, որը չանցավ, քանի որ ՀՀԿ-ն չկարողացավ ապահովել իր ֆրակցիայի անդամների ներկայությունը): Աբսոլյուտ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն չի կարողանում օրենք անցկացնել: Սա նոր երևույթ չէ, բայց գուցե հաղթահարեր սեփական անզորությունը: Ուրիշի փոխարեն կոճակ սեղմելը բնութագրում է ոչ միայն սեղմողներին, իրենց ֆրակցիան, սա ամբողջ քաղաքական համակարգի մասին է խոսում: Եթե դու նպատակիդ հասնելու համար կարող ես թքել և շրջանցել օրենքը, էլ ինչի պիտի ես հավատամ, որ դու, չնայած բոլոր խոստումներիդ, արդար ընտրություն ես անցկացնելու Հայաստանում», – ասել է Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` եթե Հանրապետական կուսակցության և դրա ղեկավարների միակ նպատակն իշխանության մնալն է, և նրանք նույնիսկ մի օրենք անցկացնելու հարցում նպատակն ավելի բարձր են գնահատում, քան երկրի, ԱԺ-ի և իրենց արժանապատվությունը, և եթե այդ դեպքում նպատակին հասնելու համար ցանկացած միջոցի գնում են, ապա միշտ էլ կգնան:
«Ուրեմն մենք պետք է պատրաստ լինենք մի իրավիճակի, երբ հանկարծ հասարակության աչքերը բացվեն` ումը դեռ բաց չեն: Բոլորը կհասկանան, որ խոստումները սուտ են և էլի նորից փորձ է արվելու ամեն գնով հասնել իրենց նպատակին: Իհարկե, հիմա արդեն ավելի դժվար կլինի», – ասել է Վահան Հովհաննիսյանը: