Կիրակի երեկոյան Ադրբեջանում ընտրել են այս տարի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթում իրենց երկիրը ներկայացնող կատարողին: Կազմակերպչական հանձնաժողովի որոշմամբ` «Եվրատեսիլ 2012»-ում Ադրբեջանի կողմից հանդես կգա Սաբինա Բաբաևան:
Եվրատեսիլի մասնակցի ընտրության շոուն վարել է երկրի նախագահի դուստրը` Լեյլա Ալիևան: Ելույթ են ունեցել նաև նախորդ տարի մրցույթում Ադրբեջանին հաղթանակ բերած Նիգյար Ջամալը և Էլդար Հասիմովը:
Ադրբեջանում «Եվրատեսիլ 2012»-ի մասնակցին ընտրում էին շուրջ երեք ամիս: Ազգային ընտրական փուլի համար դիմում էին ներկայացրել 119 կատարողներ: Նրանցից 72-ը իրավունք էին ստացել մասնակցել եզրափակիչ փուլին:
Հիշեցնենք, որ 43 երկրներ, այդ թվում նաև Հայաստանը, դիմել են Eurovision-ին` Ադրբեջանում այս տարի մայիսին կայանալիք մրցույթին մասնակցելու համար: Այս մասին հայտնել էր Եվրատեսիլի պաշտոնական կայքը: Սակայն, ինչպես Epress.am-ին ավելի վաղ հայտնել էր Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, այդ հարցը դեռ քննարկվում է:
«Մենք դիմել ենք Եվրատեսիլին, քանի որ հանդիսանում ենք Եվրոպական հեռարձակողների միության անդամ: Սակայն մենք դեռ քննարկում ենք` որքանով ապահով կլինի մեր պատվիրակության մասնակցությունը Բաքվում, ինչպես նաև այլ հարցեր: Կմասնակցենք մրցույթին, թե ոչ, մենք կհայտարարենք ավելի ուշ»,- ասել էր Գոհար Գասպարյանը: