Աշխարհահռչակ փոփ-կուռք Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառների հետաքննության շրջանակներում Լոս Անջելեսի ոստիկանները փնտրում են այն բժիշկներին, ովքեր վերջին շրջանում երգչուհու բուժմամբ էին զբաղվում:
Հետաքննության պետք է պարզի, թե ով է նրա համար դեղատոմսեր դուրս գրել և արդյոք նրա սենյակում հայտնաբերված դեղերով սրվակները համապատասխանում են պիտակներին:
Երգչուհու մահվան առնչությամբ հետաքննությունը դեռևս քրեական չի համարվում, այսինքն մահը ինչ-որ մեկի դիտավորության արդյունք համարել չի կարելի; Սակայն նմանատիպ հետաքննությունը ավելի վաղ ամբաստանյալի աթոռին էր նստեցրել Մայքլ Ջեքսոնի բժիշկին` Քոնրադ Մյուրեին: Նախորդ տարվա նոյեմբերին նա մեղավոր էր ճանաչվել ոչ դիտավորյալ կերպով իրականացված սպանության մեջ:
Բժիշկների վերաբերյալ կասկածներ կարող են հայտնվել, այն դեպքում եթե պարզվի, որ մեծ ծավալներով դեղեր դուրս է գրել մեկ բժիշկ, կարծում է Հոլիվուդում հայտնի փաստաբան Էլին Գարոֆալոն:
Երգչուհու մահվան պատճառների մասին պաշտոնական տվյալներ դեռևս չկան: Դատաբժշկական փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան միայն 4-6 շաբաթ անց:
Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա փետրվարի 18-ին Նյուարք քաղաքում:
Հիշեցնենք, որ 48-ամյա երգչուհին մահացել էր փետրվարի 12-ին Լոս Անջելեսի «Բեվերլի Հիլթոն» հյուրանոցի համարում: Ոստիկանությունը հենց սկզբից բացառել է սպանության վարկածը: