ԱԺ-ում քիչ առաջ կայացավ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի վերաբերյալ քվեարկությունը:
Դահլիճում ներկա 88 պատգամավորներից 67-ը կողմ քվեարկեց նախագծին: Պատգամավորներից 1-ը ձեռնպահ է մնացել, 1-ը դեմ է քվեարկել: ՀՅԴ և «Ժառանգություն»խմբակցության պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը:
Փոխարենը «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Անահիտ Բախշյանը հսկում էին քվեարկության ընթացքը, որպեսզի ՀՀԿ-ական պատգամավորները հնարավորություն չունենան քվեարկել մեկը մյուսի փոխարեն, ինչպես դա տեղի էր ունեցել փետրվարյան քվեարկության ժամանակ, երբ օրինագիծն անցնում էր առաջին ընթերցմամբ:
ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն իր վրդովմունքն է հայտնել այդ կապակցությամբ` նշելով, որ իրեն դուր չեն գալիս այդ «բերդի պետի օրենքները», որին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հակադարձել է` ասելով, որ պատգամավորները իրավունք ունեն այդ հսկողությունն իրականացնել:
Դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը մի քանի անգամ դիմել է օպերատորներին` կոչ անելով տեսախցիկների միջոցով ֆիքսել քվեարկության ընթացքը:
Անմիջապես քվեարկությունից հետո որևէ միջադեպի մասին պատգամավորները դեռևս չեն բարձրաձայնել:
Նշենք, որ օրինագծի հիմնական կետերից մեկն այն է, որ ՀՀ զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ իրավիճակի ժամանակ: