Հայ Ազգային Կոնգրեսին մաս կազմող ՍԴՀԿ-ի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը դիտավորություն է համարում որպես ՍԴՀԿ ղեկավար այլ անձնավորության գրանցումը և մտադիր է դիմել է Արդարադատության նախարարություն` պահանջելով շտապ` 20 օրվա ընթացքում հարցին լուծում տալ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել է ՍԴՀԿ նոր ատենապետ` Գևորգ Պերկուպերկյանը, որից հետո Լյուդմիլա Սարգսյանից պահանջել են հանձնել ՍԴՀԿ գույքը, արխիվը:
Սարգսյանի խոսքով` սրանով փորձ է արվում խոչընդոտել կուսակցության ներկայացվածությանը ՀԱԿ համամասնական ցուցակում և թույլ չտալ, որպեսզի ՍԴՀԿ-ն ՀԱԿ-ի դաշինքով մասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին:
Ըստ Լյուդմիլա Սարգսյանի` նոր համագումարի մասին հայտարարություն տարածած անձանց փաստաթղթերը կեղծ են, քանի որ նրանք վաղուց հեռացված են ՍԴՀԿ շարքերից, իսկ համագումարը տեղի չի ունեցել:
«Սա իրավունքների ակնհայտ ոտնահարում է, քաղաքական հետապնդում է մեր կուսակցուքյան նկատմամբ: Պետռեգիրստրում այս խնդրին ծանոթ են: Անցյալ տարի նույն մարդկանց կողմից նման փորձ էլի արվել է: Մեր անունից հայտարարություն է տարածվել: 3 տարի շարունակ ՍԴՀԿ-ի միջոցով Կոնգրեսը պառակտել են փորձում, երկու դատական վճիռներ ունենք, որ ատենապետը ես եմ»,- ասել է Լյուդմիլա Սարգսյանը:
Բանախոսը նաև հայտարարել է, որ խնդրի մասին նոր հայտարարություն է կազմել, որով մեղադրանք է առաջադրում Սերժ Սարգսյանին, Հրայր Թովմասյանին, Աղվան Հովսեփյանին: