Home / Տեսանյութեր / Հայ օլիգարխ պատգամավորը Վրաստանում օրենքի խախտումով բիզնես է զարգացնում. մամուլ

Հայ օլիգարխ պատգամավորը Վրաստանում օրենքի խախտումով բիզնես է զարգացնում. մամուլ

Վրացական «Մոնիտորի» հեռուստաընկերությունը երեկ հրապարակել է ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի կողմից Բորժոմիի շրջանի հայաբնակ Տաբածղուրի գյուղի տարածքում օրենսդրական խախտումներով ձկնաբուծությամբ զբաղվելու մասին լրագրողական հետաքննությունը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Վրաստանյան հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Այվազյանը, 2010թ. ձևական աճուրդով գնելով Տաբածղուրիի լիճը, 3 տարի է՝ տեղի բնակչության համար լիովին սահմանափակել է այնտեղից ձկան որսը։ Սրանով օլիգարխ պատգամավորը եկամտի աղբյուրից զրկել է ավելի քան 400 ընտանիքների։ Վարդան Այվազյանի «Լճեր» կազմակերպությունը որոշել էր զարգացնել խեցգետնի և ձկան գործը։ Պատգամավորը «Մոնիտորիի» լրագրողի հետ զրույցում պնդել է, որ իր ընկերությունը 10 հազար հատ մանրաձուկ է լցրել լիճը, և որ արդեն հասուն ձուկը որսում է ոչ թե ընկերությունը, որը ներդրումներ է կատարել, այլ «սովորական որսագողերը»։

Այնինչ վրացական հեռուստաընկերության տեսանյութում լճակի հարևանությամբ ապրող ձկնորսը պատմում է, թե ինչպես են իրեն արգելել ձուկ որսալ լճից, իր ռետինե նավակն էլ դանակով ծակել։ Լրագրողի հարցին, թե ձեզ հայտնի է այդ մասին, Այվազյանը պատասխանել է. «Ինձ հայտնի չէ, որ նավակը պատռել են։ Բայց տեղյակ եմ իրենց հայտարարությունների մասին, թե իբր չեն թողնում ձկնորսությամբ զբաղվել։ Ես կարող եմ ցանկացած ժամանակ ձեզ ցույց տալ, որ այդ ձուկը վաճառվում է [գյուղացիների կողմից]».

Տարածքը, որտեղ բիզնես է ծավալում Վարղան Այվազյանը ներառված է Վրաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկում, իսկ ընկերության ներկայացրած նախագիծը հաստատված չէ որոշ դետալների պատճառով: Լրագրողի հարցին՝ դուք այդ տարածքը գնելիս գիտեի՞ք, որ այն բնության հատուկ պահպանվող տարածք է, Այվազյանն առանց կոնկրետ պատասխան տալու, ասում է. «Ես կարող եմ դա վաղը ևեթ վերադարձնել, եթե նախարարությունից գրություն գա»,–գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում