Մարդու իրավունքերի եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ վճիռների թիվը 2010 թվականից ի վեր կրկնապատվել է: Ի՞նչ խնդիրներ կան, որոնք երկրի դեմ վճիռների առիթ են դառնում:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ՄԻԵԴ-ի վճիռները ոչ թե մեր օրենքների անկատարությանն են վերաբերում, այլ դրանց չկիրառմանը, այսինքն՝ ԱԺ պատգամավորների կողմից չէ, որ հարցը պետք է լուծվի: Մինչդեռ իրավաբան Արա Ղազարյանը մեզ հետ զրույցում նշել է, որ կան նաև օրենսդրական բացեր:
Նա նշել է, որ հիմնախնդիրները լուծելու համար պետությունը որոշ քայլեր ձեռնարկել է, սակայն դեռ կա օրենսդրական փոփոխությունների կարիք:
Որպես դրական փոփոխությունների օրինակ նա նշել է, որ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքից հանվել են որպես վարչական տույժի տեսակ ազատությունից զրկում նախատեսող բոլոր դրույթները, փոխվել է նաև «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը:
Խոշտանգումով ստացված ապացույցի օգտագործում
Կան խնդիրներ, սակայն, որոնք շարունակում են արդիական մնալ: Օրինակ՝ խոշտանգումներով ապացույց կորզելու պրակտիկան չի վերացել, թեև այդ խնդրով ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Միշա Հարությունյանի գործով: Դեռևս վճռից առաջ էլ Քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով խոշտանգումով ստացված ապացույցի օգտագործումը հստակորեն արգելված էր, ուստի օրենսդրական փոփոխության կարիք չկար: Այնուհաներձ, Ղազարյանի խոսքով, չի կարելի վստահորեն ասել, որ խնդիրը վերացել է, քանի որ հաճախ դատարանն ապացուցված չի համարում խոշտանգման փաստը, թեև այդ մասին պաշտպանվող կողմերը բարձրաձայնում են: Խոշտանգումներն ապացուցելու համար կողմը պետք է մի շարք հնարավորություններ ստանա, օրինակ՝ պետք է չուշացվի դատաբժշկական փորձաքննությունը:
Այլընտրանքային զինվորական ծառայության
Արա Ղազարյանի խոսքով՝ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ հնարավոր է ապահովել իրական քաղաքացիական այլընտրանքային ծառայություն: «Խնդրահարույց կարող է լինել միայն անցումային 24-րդ հոդվածի 3-րդ մասը։ Եթե անազատության մեջ գտնվող դատապարտյալը դիմի այլընտրանքային ծառայության և նրա դիմումը հաստատվի, ապա անձը պատժի կրումից ազատվելուց հետո դեռ պետք է կատարի այլընտրանքային ծառայություն` այս ծառայության սահմանված ժամկետի (36 ամիս) և անազատության մեջ գտնվելու ժամկետի տարբերության չափով։ Այս հանգամանքը կարող է բարձրացնել կրկնակի պատժի ենթարկվելու խնդիր, եթե այլընտրանքային ծառայության իրականացման եղանակը իր մեջ պարունակի պատժի կամ հանցագործության կանխարգելման քրեական իրավունքի էլեմենտներ», – ասել է Ղազարյանը:
Հիշեցնենք, որ միայն 2012 թվականին ՄԻԵԴ-ը բավարարել էր 17 հայաստանցի Եհովայի վկաների հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Խափանման միջոցը՝ կալանք
2011-2012թթ. ընթացքում Եվրոպական դատարանը մի շարք վճիռներով անդրադարձել է որպես խափանման միջոց կալանքն օգտագործելու խնդրին:
Դրա հետ կապված հաշվետվություն տալով ՝ Հայաստանը ԵԽ Նախարարների կոմիտեին ներկայացրել է հատվածներ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծից` որպես ապացույց առ այն, որ վերը նշված խնդիրների մի մասը լուծվելու են նոր օրենսգրքով, որն ուժի մեջ է մտնելու 2014 թվականի հունվարի 1-ից: Արա Ղազարյանի խոսքով՝ այդ օրենսգիրքը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև նոր հարցեր է առաջացնում, քանի որ այն թույլ է տալիս նախաքննության փուլում կալանք կիրառել՝ ունենալով միայն հիմնավոր կասկած մեղադրվողի դեմ, իսկ դատաքննության փուլում կալանքի ժամկետ չի սահմանում, և քանի որ դատաքննությունը երբեմն շատ է ձգձգվում, անձը անժամկետ մնում է կալանքի տակ, ինչպես եղավ Տիգրան Առաքելյանի դեպքում:
Խափանման միջոց կալանքի հիմնահարցը լուծելու համար Ղազարյանն առաջարկում է օրենսդրական փոփոխություն՝ սահմանել կալանքի հստակ ժամկետներ դատաքննության փուլում։ Խափանման միջոց կալանքի պրակտիկայի հետ կապված կան մի շարք այլ համակարգային խնդիրներ, օրինակ, կալանքի ժամկետների երկարաձգումը այնպիսի հիմնավորումներով, ինչպիսին են «կատարվելիք քննչական գործողությունները» և «քրեական գործի ընթացքի մեջ գտնվելը», որոնք, հատկապես առաջինը, դեռ տարածված պրակտիկա է իրավակիրառողների մոտ։
Բարոյական վնասի դիմաց նյութական փոխհատուցում
ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է, որ ներպետական օրենսդրությունը հնարավորություն չի տալիս քաղաքացիներին ստանալ բարոյական վնասի դիմաց նյութական փոխհատուցում անօրինական ազատազրկման կամ արգելված վերաբերմունքի համար։
«Նման խախտմամբ առաջին վճռի ընդունումից անցել է արդեն ավելի քան մեկ տարի, իսկ սեպտեմբերին լրացավ վճռի ուժի մեջ մտնելու մեկ տարին, սակայն իշխանությունները դեռ ոչ մի գործուն քայլ չեն կատարել օրենսդրության մեջ այդ բացը լրացնելու համար։ Դատարանները շարունակում են մերժել անօրինական կալանավորման դիմաց բարոյական վնասի հիմքով նյութական փոխհատուցման պահանջները` վկայակոչելով նման փոխհատուցում շնորհելու օրենսդրական հիմքերի բացակայությունը», – ասել է Արա Ղազարյանը:
Նշենք, որ բարոյական վնասի դիմաց նյութական փոխհատուցման իրավական ինստիտուտի բացակայության սահմանադրականության հարցը քննվել է նաև Սահմանադրական դատարանում: