Երևանի Մուրացան փողոցում գտնվող զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված 18-ամյա զինծառայող Մհեր Խլղաթյանի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցված և կան ձերբակալվածներ, այդ թվում՝ զորամասի բուժծառայության պետը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նշենք, որ Խլղաթյանի զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանը, ինչպես նաև բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը:
Վերջինս ասել է, որ պատժից խոսելուց առաջ պետք է ապացուցվի՝ ուժ կիրառվել է, թե չի կիրառվել:
«Եթե հաստատվի, մեղավորները կկրեն իրենց պատիժը և քրեական ուղղությամբ և ադմինիստրատիվ առումով: Գործը հարուցված է: Մեր իրավապահները կգան եզրակացության»,- ասել է նախարարը:
Լրագրողներից մեկը հարցրել է՝ արդյոք նախարարը խոշտանգում է համարում Խլղաթյանի դեմ արվածը՝ հաշվի առնելով, որ նրա մարմնին, մասնավորապես, ձեռքերի վրա հայտնաբերվել են բռնության, ծխախոտ հանգցնելու հետքեր:
«Այդպիսի հետքեր չկան: Խոշտանգման փաստն ապացուցված չէ: Մանավանդ վերջին տվյալներով, ինքը գիտակցության մեջ է, ինքն ասում է, որ այդպիսի դեպք չի եղել»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Խլղաթյանի հարազատները shamshyan.com-ին հայտնել էին, որ զինվորը ԼՂՀ-ի Չոփռուլի զորամասում դաժան ծեծի է ենթարկվել և մարմնի վրա կան ծեծի բազմաթիվ հետքեր։
«Մինչև Երևան տեղափոխելը զինվորը մի քանի օր ունեցել է թոքերի լուրջ խնդիր և զորամասի բուժկետում նրա նկատմամբ բռնություն են կիրառել բժիշկն ու բուժակները, որոնցից ավելի ագրեսիվ պահվածք են դրսևորել ոմն Արմանը և Նարեկը: Մինչ Երևանի հոսպիտալ տեղափոխելը զինվորին տարել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ որոշ ժամանակ պահելուց հետո, տեսնելով որ չեն կարողանում զինվորին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել, նոր տեղափոխում են Երևան», – պատմել են տղայի հարազատները։