ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Երևանում փետրվարի 12-ին ոստիկանության կողմից ընդդիմության ակտիվիստների ակցիան լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու կապակցությամբ։ Այս մասին գրում է Mediafreedomwatch.org կայքը։
«Լրագրողների նկատմամբ բռնությունն անընդունելի է»,- ասված է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի՝ Հայաստանի իշխանություններին ուղղված նամակում։ Նրա խոսքով՝ «հատկապես մտահոգիչ է այն, որ ոստիկանության աշխատակիցները, ովքեր պատասխանատու են լրագրողների պաշտպանության համար, ուժ են կիրառել հենց նրանց դեմ»։
Դունյա Միյատովիչը իշխանություններին կոչ է արել դեպքի առնչությամբ մանրակրկիտ ու թափանցիկ հետաքննություն անցկացնել ու անել ամեն հնարավորը՝ հետագայում ոստիկանության կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ անօրինական գործողություններից խուսափելու համար։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 12-ին, երբ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ակտիվիստները Երևանի կենտրոնում մարտի 1-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկների էին բաժանում։ Երիտասարդների մի խումբ փորձել է խոչընդոտել ակտիվիստների աշխատանքը․ նրանց միջև վեճ է բռնկվել, որից հետո ակտիվիստները բերման են ենթարկվել։ Ոստիկանության կողմից բերման են ենթարկվել նաև ակցիան լուսաբանող լրագրողները, ում նկատմամբ բաժնում ուժ են կիրառել ու խլել նրանց տեսախցիկները։