Զինծառայող Մհեր Խլղաթյանի ծեծի ենթարկելու գործով նշանակված ծառայողական քննությունը ավարտվել է։ «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով քննության արդյունքներով նկատողություն է հայտարարվել զորամասի հրամանատարին, խիստ նկատողություն՝ զորամասի մարտական պատրաստության գծով հրամանատարի տեղակալին։
Ըստ նույն տեղեկությունների, պաշտպանության նախարարի մեկ այլ հրամանով էլ պաշտոնից ազատվել է զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը, ով գործով կալանավորված է և մեղադրվում է Մհեր Խլղաթյանին ծեծելու մեջ։
Թերթը նշում է, որ հունվարի 20-ին հիվանդությունից (մենինգիտ) մահացած Էդիկ Շահնազարյանի մահվան փաստով նշանակված ծառայողական քննությունը ևս ավարտվել է։ «ՀԺ»-ի աղբյուրի փոխանցմամբ, նկատողություն է հայտարարվել զորամասի հրամանատարին, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալին։ Սեյրան Օհանյանի հրամանով հայտարարվել է խիստ նկատողություն զորամասի շտաբի պետին, հրամանատարի սոցիալ-իրավական գծով օգնականին, գումարտակի հրամանատարին, բուժծառայության պետի պաշտոնը իջեցվել է, իսկ զորամասի բուժկետի պետը ազատվել է աշխատանքից։
Կրկին հիվանդության պատճառով մահացած զինծառայող Հայկ Մակարյանի մահվան փաստով նշանակված ծառայողական քննության արդյունքներով էլ նկատողություն է հայտարարվել զորամասի բժշկական ծառայության պետին
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում