հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանում պահանջում են կասեցնել ՌԴ-ի այլատյացություն քարոզող ալիքների եթերը

Հայաստանում պահանջում են կասեցնել ՌԴ-ի այլատյացություն քարոզող ալիքների եթերը

Հայաստանում առաջարկում են կասեցնել ռուսաստանյան ալիքների հեռարձակումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ)։ Այն միավորում է մոտ 200 հասարակական կազմակերպություններ։ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի համակարգողն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ը նշում է, որ խորապես մտահոգված է Հայաստանի տարածքում միջպետական համաձայնագրերի հիման վրա վերահեռարձակվող ռուսաստանյան երկու՝ «Россия-1» և «Первый канал» հեռուստաալիքների եթերում տեղ գտած այն հաղորդումների և սյուժեների կապակցությամբ, որոնցում քարոզվում է բացահայտ այլատյացություն՝ ազգային պատկանելության հիմքով, և սերմանվում է ազգամիջյան ատելություն:

«Նշված երևույթը առավել ակնհայտ է դարձել Ուկրաինայում վերջին ամիսների քաղաքական զարգացումների համատեքստում:

Այս կապակցությամբ հատկանշական է Ռուսաստանի մամուլի դեմ բողոքների հարցերով hանրային կոլեգիայի կայացրած որոշումը՝ ի պատասխան «Россия-1» հեռուստաալիքի «Вести недели» («Շաբաթվա լուրեր») հաղորդաշարի վարող Դմիտրի Կիսելյովի (լուսանկարում) դեմ Ուկրաինայի Լրագրողական Էթիկայի հարցերի հանձնաժողովի բողոքի։ Կոլեգիան վերոհիշյալ հաղորդումը բնորոշել է որպես «քարոզչական ոճով», «սարքովի» տեսաշարով» և «վիրավորական մակարդակի ցածրորակ հեռուստանյութ», որը «չի նպաստում ժողովուրդների վստահության ամրապնդմանը»։ Պատահական չէ, որ Դմիտրի Կիսելյովի անունն ընդգրկվել է Եվրամիության «անցանկալի անձանց ցուցակում»։ Մոլդովայի տարածքում ռուսաստանյան լրատվական թողարկումների, որոնք «ագրեսիվ քարոզչություն են իրականացնում՝ դրանով իսկ գաղափարական «մշակման» ենթարկելով հասարակական կարծիքը», հեռարձակման արգելանքի նախաձեռնություն է շրջանառության մեջ դրվել այդ երկրի խորհրդարանում։

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ը համարում է, որ ռուսաստանյան այսօրինակ քարոզչության տարածումը Հայաստանի Հանրապետության տարածքում ապօրինի է, քանի որ հակասում է ՀՀ Սահմադրությանը (հոդված 14.1), օրենքներին (մասնավորապես՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հոդված 24-ի բ, դ, ե, է կետերին), ինչպես նաեւ միջազգային մի շարք կոնվենցիաների, որոնց միացել է Հայաստանը, և որոնցով արգելվում է այլատյացության և ազգամիջյան ատելության տարածումը: Այն մեծ վնաս է հասցնում մեր երկրի տեղեկատվական անվտանգությանը, այլ երկրների եւ ժողովուրդների հետ մեր բարեկամական հարաբերություններին, ապակայունացնում է հասարակական կյանքը: Փաստորեն, զբաղեցնելով սահմանափակ հանրային ռեսուրս հանդիսացող հաճախականությունները «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքները գործում են Հայաստանի հանրային շահերին հակառակ:

Նույնանման դրսեւորումներ կան նաև մալուխային և այլ հիմունքներով Հայաստանում հեռարձակվող այնպիսի հեռուստաալիքներում, ինչպիսիք են «Россия-24»-ը, НТВ-ն, ТВЦ-ն, ինչն է՛լ ավելի է խորացնում ՀՀ քաղաքացիներին հասցվող տեղեկատվական և բարոյական վնասը:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը Հայաստանի իշխանությունից պահանջում է․

– դիտարկել ռուսաստանյան «Россия-1» և «Первый канал» հեռուստաալիքների վերահեռարձակման պայմանագրերի հետագա կատարման օրինականության հարցը,

– եթե նշված հեռուստաալիքներն այլատյացության և ազգամիջյան ատելության քարոզչությունն առաջիկա մեկ ամսվա ընթացքում չդադարեցնեն, ազգային հեռարձակման ցանցով նրանց հաղորդումների տարածումը կասեցնել՝ ազատված հաճախականությունները հանելով լիցենզավորման մրցույթի», – ասված է տարածած հայտարարության մեջ։