Ազգային ժողովն այսօր սկսել է քննարկել «Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որի նպատակը ստվերի կրճատումն է: Օրինագծով ցանկանում են դրոշմապիտակավորել փաթեթավորված կաթնամթերքը, սուրճը, թեյը, ձեթը, պաղպաղակը, կոսմետիկ միջոցները, օճառները՝ դրա համար վճարելով 3.5 դրամ:
Օրինագծի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասել է, որ օրինագիծը բազում հարցեր անպատասխան է թողնում, օրինակ, չկա դրոշմապիտակներ պահանջող ապրանքների հստակ ցանկ: Բացի այդ, խնդիր է նաև այն, որ դրոշմապիտակներ պահանջելը բերելու է գնաճի, ինչն ավելի վատ է այն համատեքստում, որ չի ավելացել որևէ մեկի աշխատավարձը, դա արվելու է հունիսից, այն էլ՝ միայն պետական աշխատողների համար:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը ևս մտահոգութուններ ուներ: Նա համոզված է, որ ստվերի դեմ պայքարելով՝ օրինագիծը կվնասի փոքր բիզնեսին, ոչ թե մեծին:
«Մենք վնասելու ենք նախ և առաջ փոքր բիզնեսին: Ես չեմ ուզում արդարացնել, բայց որոշ մարդիկ այդ ստվերի շնորհիվ կարողանում էին իրենց ընտանիքը պահել, լիմոնադ էին արտադրում և այլն»,- ասել է Հեղինե Բիշարյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ անդրադարձել է այն ոլորտներից մեկին, որտեղ ստվերը մեծ է՝ շաքարավազի բիզնեսին:
«Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ մեր երկրում շաքարավազի դեֆիցիտը կազմել է մոտ 15 հազար տոննա, այսինքն՝ հունվար-մարտ ամիսներին մեզ չի բավականացնի 15 հազար տոննա շաքարավազ։ Բայց, ինչպես տեսնում եք, Հայաստանում շարաքավազի բուն հերթեր տեղի չեն ունեցել, և խանութներում շաքարավազը նորմալ վաճառվել է: Բայց էլի պաշոտանական վիճակագրությամբ հունվար-մարտ ամիսներին ընդհանրապես շաքարավազ չի արտադրվել, փոխարենը ներկրվել է 30 807 տոննա շաքարի հումք։ Այսինքն՝ հումք ներկրվել է, բայց շաքար չի արտադրվել։ Այստեղից չե՞ք կարող արդյոք եզրակացնել, որ շաքարի հումքի հետ ներկրվում է շաքարավազ, և այսպես արվում է, որպեսզի մաքսատուրքեր, հարկեր չառաջանան։ Սա միլիոնավոր, միլիարդավոր դրամների շրջանառություն է, և նույնիկ պաշտոնական վիճակագրությամբ երևում է, որ այստեղ մենք գործ ունենք կոռուպցիոն հսկայական ռիսկերի հետ»,- ասել է Փաշինյանը:
Նշենք, որ Հայաստանում շաքարավազի մենաշնորհային ներկրողը «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որը պատկանում է ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին: