Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը աշնանը՝ սեպտեմեբերի 30-ից հետո, գնահատական կտա, թե ինչպես է իշխանությունը կատարել քառյակի 12 պահանջները: Այս մասին լրագրողներին ԱԺ-ում ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում իշխանություններին՝ պահանջները չկատարելու դեպքում: Նշենք, որ ավելի վաղ, կետերը ներկայացնելով՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ քառյակը մտադիր է նախաձեռնել համապետական հանրահավաք:
Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ քառյակը միանգամից չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը պատասխանել է, որ իրենց համար անձի խնդիր չկա, այլ կա համակարգը փոխելու խնդիր: «Այսպես, թե այնպես Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, մենք այնպիսի համակարգ պետք է ստեղծենք, որ նրանից հետո եկողն էլ նույնը չանի»- ասել է նա:
ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ իրենց համար տաբու հարցեր չկան՝ ԲՀԿ վերջին համագումարից հետո, ուղղակի այս պահին իրենց գործընկերների հետ նպատակահարմար է եղել այս կետերի քննարկումը:
ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն ասել է, որ իրենք որևէ հույսեր չեն կապում Սերժ Սարգսյանի հետ, սակայն այս հարցերն ուղղված են ցանկացած իշխանության՝ անկախ նախագահի անձից, քանի որ կասկածի տակ արդեն գտնվում է երկրի ապագան։