Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը Հայկ Կյուրեղյանի քայլը համարում է հերոսական։ Այս մասին քաղբանտարկյալի որդին՝ Շահեն Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Ինձ մի պաշտպանեք այլևս, այլ այսօրվանից պաշտպանեք Հայկին, ով կատարել է հերոսական քայլ և կալանավորվել է: Նրան մեղադրանք են առաջադրել խուլիգանության հոդվածով: Նրան 4-7 տարվա ազատազրկում է սպառնում»,- հոր խոսքերն է փոխանցել Շահեն Հարությունյանը:
Հիշեցնենք, որ երեկ Շանթ Հարությունյանի և մյուս 13 քաղբանտարկյալների գործով առաջին դատական նիստի մեկնարկին, Հայկ Կյուրեղյանը դատարանի շենքի առաջ օդաճնշական ատրճանակով կրակել էր ոստիկանների ուղղությամբ՝ փորձելով խոչընդոտել «Շանթին սխալ դատելը»:
Քաղբանտարկյալների ազատության համար պայքարող ակտիվիստները, ովքեր երեկ դատարանի առաջ ակցիա էին անցկացնում, ասել են, որ չեն ճանաչում Հայկին: Հնչել են նաև կարծիքներ, թե նա սադրիչ է: