Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ, երեկ խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները, համախոհները և հարազատները մոտ օրերին հավաք կանցկացնեն՝ որոշելու իրենք հետագա գործունեությունն ու հստակեցնելու անելիքները։ Epress.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը նշել է, որ դատարանի երեկվա վճիռը որքան էլ սպասելի էր, այնուամենայնիվ, ընկերները հիասթափված են և կոտրված, ուստի մի քանի օր անհրաժեշտ կլինի «շոկից դուրս գալու» համար։
«Առաջարկներ կան ավելի կտրուկ քայլերի դիմելու՝ կոչերով մեր շարքերն ընդլայնելուց մինչև մայրուղի փակելը։ Մի քիչ ավելի ուշ կսկսենք, կոնկրետ քայլեր կձեռնարկենք», -ասել է մեր զրուցակիցը։
Նա նշել է, որ իշխանությունների կողմից Ավետիսյանին մեկուսացնելը մեկ նպատակ ուներ, որպեսզի նրա շուրջը էլ ավելի շատ ազատամարտիկներ չհավաքվեն ու նրա ձեռնարկած հիմնական գործը հասարակական հնչեղություն չստանա։
«Վոլոդյայի գործը մեծ հնչեղության ստացավ՝ կապված այսօրվա անարդար դատաիրավական համակարգի հետ, մինչդեռ նրա ձեռնարկած շարժման հնչեղությունը ընկել է։ Հանցավոր ռեժիմը չէր կարող նրան բաց թողնել, իրենք էլ լավ գիտեն՝ դատավորը, գլուխը կախ մրթմռթում էր, չգիտեր՝ ինչ ասեր, ինքն էլ գիտի, որ վճիռ չէ, այլ լկտիություն։ Այսօրվա հանցավոր ռեժիմը իրավական տեռոր է սկսել ժողովրդի դեմ», – ասել է Սարուխանյանը։
Հիշեցնենք, որ Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել կաշառք վերցնելու մեջ։ Ավետիսյանը դատավարության ողջ ընթացքում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ նա բազմիցս ասել է, որ ամբաստանյալի աթոռին հայտնվելը քաղաքական հետապնդման հետևանք է, քանի որ ինքը եղել է ազատամարտիկների բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը։ Դատական նիստերից մեկի ընթացքում Ավետիսյանն ասել էր, որ ազամարտիկների սոցիալական վիճակը բարելավելու պահանջով ակցիաների մեկնարկից հետո իրեն զգուշացրել էին, որ «գլխին կսարքեն»։