Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը «Թվիթեր»-ի իր էջում հոկտեմբերի 15֊ին սադրիչ գրառումներ է արել քրդերի, հայերի ու աթեիստների մասին, հաղորդում է Today's Zaman կայքը։
Գյոքչեքն իր էջում նախ տեղադրել է «Ջիհան» լրատվական գործակալության հին տեսանյութերից մեկը, որում «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) մի քանի անդամներ ծաղրում են մահմեդական աղոթքը՝ նամազը, իսկ մյուսները ծիծաղում են։ Տեսանյութին զուգահեռ քաղաքապետը գրել է․ «Նրանց նման ՔԲԿ-ականներն են, որ ոչ խաղաղության գործընթաց են ուզում, ոչ էլ ուզում են՝ պատերազմն ավարտվի։ Նրանք մահմեդականության թշնամիներ են»։
Մեկ այլ գրառման մեջ նա շարունակել է․ «Խաղաղություն արևելքում ազգի, համերաշխության ու մահմեդականության համար իրենց կյանքը վտանգող քրդերին։ Սակայն նրանց շարքերում կան որպես քուրդ ներկայացող հայ աթեիստներ: (Ի դեպ, նկատի չունեմ հայրենիքին հավատարիմ մեր հայ եղբայրներին)»։
Today's Zaman֊ը գրում է, որ Անկարայի քաղաքապետը նկատի է ունեցել «թաքնված» հայերին, որոնք 1915 թվականի կոտորածների ժամանակ հալածանքներից խուսափելու համար ձևացրել են, թե մահմեդական քրդեր են։
«Թվիթեր»֊ի օգտատերերից մեկը Գյոքչեքին անվանել է «հիմար» ու նշել, որ նրան չի կարելի լուրջ ընդունել։ Լրագրող Բենջամին Հարվին, իր հերթին, նշված օգտատերին հիշեցրել է, որ Գյոքչեքը նաև Անկարայի քաղաքապետն է՝ քննադատելով այն փաստը, որ նման պաշտոն զբաղեցնող մարդը կարող է իրեն թույլ տալ նման անմիտ արտահայտություններ անել։
«Թարաֆ» օրաթերթի թուրքահայ լրագրող Հայկո Բաղդատը դիմել է քաղաքապետին՝ հարցնելով․ «Ո՞ր կատեգորիային եմ պատկանում ես»։ Today's Zaman֊ը հարցի շուրջ զրուցել է Բաղդատի հետ․ «Սա պարզապես ռասիզմ է։ Նախապաշարմունք, որը ժողովրդի միայն մի հատվածի դեմ չէ, այլ՝ մի քանի․ հայերի, քրդերի, աթեիստների։ Սա ատելության խոսք է, ու եթե [Թուրքիան] քաղաքակիրք երկիր լիներ, ապա [Գյոքչեքը] իր արտահայտությունների համար կհեռացվեր պաշտոնից։ Նման արտահայտությունները, սակայն, «Արդարության և Զարգացում» կուսակցության շրջանում սովորական բնույթ են ստացել։ Ապացույցը նախագահն է»։
Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսին թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր․ «Ինձ վրացի են անվանել, կներեք, նույնիսկ ավելի վատ՝ հայ են անվանել»՝ հավելելով․ «Բայց ես թուրք եմ»։