Home / Տեսանյութեր / Մայրերին նպաստ կարելի է տալ շքեղության հարկը բարձրացնելու հաշվին. ակցիա՝ ընդդեմ նոր օրինագծի

Մայրերին նպաստ կարելի է տալ շքեղության հարկը բարձրացնելու հաշվին. ակցիա՝ ընդդեմ նոր օրինագծի

Կառավարության շենքի դիմաց այսօր՝ հոկտեմբերի 23֊ին, բողոքի ակցիա է կազմակերպվել՝ երիտասարդ աշխատող մայրերի իրավունքները ոտնահարող օրինագիծը չընդունելու պահանջով:

Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել Ժամանակավոր անաշխատունակության նպաստների և պետական նպաստների օրենքներում և սահմանել չաշխատող մայրերի նպաստ՝ կրճատելով աշխատողների նպաստի չափը:

Այսօրվա ակցիայի մասնակիցները հիմնականում երիտասարդ կանայք էին, ովքեր մտահոգ էին նոր օրինագծով: Նրանց խոսքով՝ դա անարդարություն է աշխատող կանանց հանդեպ, քանի որ կանանց ստիպելու է իրենց երեխային հնարավորինս շուտ թողնել առանց խնամքի և անցնել աշխատանքի: Ակցիայի մասնակիցները կարծում են, որ չաշխատող կանանց պետք է օգնել, սակայն դա կարելի է անել այլ ֆինանսական միջոցներով, օրինակ, շքեղության հարկը բարձրացնելու միջոցով։ Ցուցարարները հայտարարել են, որ եթե բյուջեում նույնիսկ փող չկա չաշխատող կանանց օգնելու համար, ապա պետք չէր կրկնակի բարձրացնել, օրինակ, պատգամավորների աշխատավարձը:

Կառավարության դիմաց ակցիայի նախաձեռնողներից մի քանիսին երեկ հրավիրել էին հանդիպման Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների հետ: Ինչպես Epress.am-ին հայտնել է «Կանանց ռեսուրսային կենտրոն»֊ից Տաթևիկ Աղաբեկյանը, հանդիպումը չի հաջողվել, և իրենք հեռացել են՝ քննարկումը չավարտած: «Մենք ինչ առաջարկ անում էինք, ինչի դեմ խոսում էինք, ասում էին՝ ոչ, դա ամենաօպտիմալ տարբերակն է: Այսինքն՝ նրանք որևէ քննարկման, զիջման պատրաստ չէին»,-ասել է Աղաբեկյանը:

Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ նախարարությունը բաց է առաջարկությունների համար, և երեկ ոչ միայն լսել են կանանց, այլև գրի առել նրանց առաջարկությունները, որոնցից շատերը նույնիսկ չեն վերաբերում իրենց նախարարությանը, օրինակ, շքեղության հարկը բարձրացնելու հարցը:

Դանիելյանն առաջարկել է նախագիծը երկուշաբթի ԱԺ լսումներին տանելուց առաջ այն քննարկել նաև լրագրողների հետ:

1pregnant

2pregnant

3pregnant