Home / Տեսանյութեր / Վկային դատարան չեն հրավիրում պաշտոնյաներին փրկելու համար․ իրավապաշտպան

Վկային դատարան չեն հրավիրում պաշտոնյաներին փրկելու համար․ իրավապաշտպան

Սյունիքի մարզի Ծիրանաձոր գյուղի մարտական հենակետում 2012 թվականի նոյեմբերի 5-ին զոհված շարքային զինծառայող, 19-ամյա Սարգիս Սահակյանի գործով վկա Գոռ Մարգարյանը վերաքննիչ դատարանից ծանուցում չի ստացել ՝ դատարան ներկայանալու և ցուցմունք տալու համար: Այս մասին այսօր Epress.am-ին ասել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է:

Փորձագետի խոսքով՝ դատարանը պնդում է, որ ծանուցումն ուղարկել է, սակայն Մարգարյանն այն չի ստացել: Մարտիրոսյանը վստահ է, որ դատարանը չի ցանկանում թույլ տալ վկաների, առավել ևս՝ Գոռ Մարգարյանի հարցաքննությունը, քանի որ դրանից հետո ստիպված կլինի նյութերն ուղարկել ՀՔԾ, իսկ դա կարող է քրեական պատասխանատվությունների սպառնալիք ստեղծել մոտ 30 պաշտոնյաների համար:

«Քանի որ վկան չէր գալու դատարան, վերաքննիչ դատարանում նոյեմբերի 28-ի նիստը չի կայացել, մենք ևս, իմանալով, որ Գոռը չի գալու, չէինք գնացել: Հաջորդ նիստը կայանալու է դեկտեմբերի 18-ին»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը (լուսանկարում):

Նա հիշեցրել է, որ Սարգիս Սահակյանի մահը ինքնասպանություն որակելու, երկու զինվորների նկատմամբ մեղադրանք առաջադրելու համար հենց Մարգարյանին են ստիպել սուտ ցուցմունք տալ: Այժմ Մարգարյանը հայտարարում է, որ ինքը ցուցմունքը գրել է Ռազմական ոստիկանությունում իր նկատմամբ կիրառած ճնշումների պատճառով: Վկա Գոռ Մարգարյանի նկատմամբ ճնշումները շարունակվել են նաև առաջին ատյանի դատարանում, որտեղ դատախազը հրապարակայնորեն անարգել է նրան: Վկան դիմել է իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանին իրեն պաշտպանելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ համաձայն առաջին ատյանի դատարանի վճռի` երիտասարդի ծառայակիցներ Արթուր Միսակյանը (ստացել է 4 տարի) և Արտաշես Խաչատրյանը (ստացել է 4,5 տարի) նրան ինքնասպանության են հասցրել։