Home / Տեսանյութեր / Անօթևան մարդկանց հեռացնում են Արտաշատի կիսաքանդ հյուրանոցից

Անօթևան մարդկանց հեռացնում են Արտաշատի կիսաքանդ հյուրանոցից

Արտաշատի կենտրոնում նախկին հյուրանոցի շենքում բնակվող անապահով քաղաքացիները քաղաքապետարանից հրահանգ են ստացել հնարավորինս շուտ լքել իրենց կացարանները: Պաշտոնական հիմնավորման համաձայն` շենքը պետք է վերանորոգվի, և մարդիկ, ովքեր այժմ բնակվում են կիսավեր հյուրանոցում, պետք է տարահանվեն մինչև ապրիլի 15-ը:

Մի քանի ընտանիքի քաղաքապետարանն առաջարկել է տեղափոխվել Արտաշատ քաղաքի Թումանյան փողոցի վրա գտնվող հին մանկապարտեզի շենք: 1991 թվականից շենքում ապրող, Բաքվից եկած փախստական Լաուրա Պողոսյանը Epress.am-ին պատմել է, որ մանկապարտեզում դահլիճի հատակին կավիճով բաժանարար գծեր են արել: Այսինքն՝ նույնիսկ պատեր չկան, և բնակիչները դրանք ինքնուրույն պետք է կառուցեն:

«Իմ որդին զորակոչվելու է բանակ մայիսին, 17 տարեկան է, այսինքն՝ մի ամիս էլ փողոցում պետք է ապրի: Եթե մեզ քցեն դուրս, չեմ տալու՝ որդուս տանեն բանակ: Աղջկաս էլ այստեղ չեմ կարողացել պահել, տվել եմ բարեկամիս հետ է ապրում՝ Արարատում»,- ասել է Լաուրա Պողոսյանը:

2artashat

Հյուրանոցի շենքը փողոցից քիչ է տարբերվում. որոշ աստիճանավանդակներ այլևս անանցանելի են, ջուր չկա, կոյուղին չի գործում, բնակիչները լողանում են իրենց ընկերների և բարեկամների տներում: Որոշ սենյակներում էլեկտրաէներգիա ևս չկա: Լույս ու ջեռուցում չունի, օրինակ, ազատամարտիկ Վարդան Թովմասյանի սենյակը: Շենքի մեկ այլ բնակիչ Գագիկ Գևորգյանը հաշմանդամ է դարձել՝ ցրտի պատճառով նա զրկվել է ձեռքերի 8 մատներից: Գևորգյանը ևս ասել է, որ չի կարող մանկապարտեզում տուն կառուցել: Հյուրանոցում բնակվողները սենյակները ջեռուցում են վառելու ենթակա աղբով:

1artashat

«2004 թվականին շենքը սեփականաշնորհեցին, մինչև օրս չգիտենք սեփականատիրոջը, միայն պարոն Մուրադյանին գիտենք, նա հյուրանոցի տնօրենն է: Նա է վարձերը հավաքում», – ասել է Գևորգյանը:

Նրա խոսքով՝ այդ պայմաններում ապրելու համար իրենք վճարում են 4-ից 10 հազար դրամ՝ կախված տարածքից: Epress.am-ի հետ զրույցում հյուրանոցի տնօրեն Արմեն Մուրադյանը հերքել է, թե անապահով ընտանիքներից գումար են վերցնում: Ինչ վերաբերում է տեղահանմանը՝ Մուրադյանն ասել է, որ բնակիչներին թույլ կտան մնալ մինչև հյուրանոցում շինարարական աշխատանքների սկսվելը, իսկ երբ դա կլինի, դեռևս որոշված չէ:

«Մարզպետարանում ընդամենը ասել են, որ եթե դուք չեք ուզում մանկապարտեզում տարածք ստանալ, ասեք՝ մենք տեղերը այլ անապահով ընտանիքների կտանք», – պարզաբանել է Մուրադյանը: