Նոր Նորքի 7-րդ զանգվածում ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծի ենթարկած «Ջունգլ» մականունով Գևորգ Սարգսյանը և նրա քրոջ որդին՝ Սարգիս Ղուկասյանը, մի քանի օր առաջ ազատ են արձակվել, գրում է «Հրապարակը»։ Ծեծից հետո ազատամարտիկը մահացել էր, իսկ երկրորդ անգամ անցկացված փորձաքննությունը ցույց էր տվել, որ մահվան պատճառը Թումանյանի ի ծնե ունեցած հիվանդությունն էր:
«Հրապարակը» զրուցել է ազատամարտիկի կնոջ՝ Տանյա Մելքոնյանի հետ:
«Փաստորեն, մեզ սյուրպրիզ արեցին, Աստծո հայտնության օրը հայտնեցին, որ մարդասպաններին ազատ են արձակվել: Այսօր այդ դատախազը, քննիչը, հանձնաժողովը ստիպում են ինձ Եղեռնի 100-ամյակի առթիվ Հայաստանում եղեռն կազմակերպել՝ նռնակ գցեմ նրանց բնակարանում, կամ, ավտոմեքենայի մեջ լինեն, նռնակը նետեմ ավտոմեքենա, այսինքն՝ հրահրում են, նրանք են ինձ հրահրում»,- ասել է նա:
Վեճը ծագել էր Վարդան Թումանյանի և Ջունգլի հոր՝ Բաբկեն Սարգսյանի միջև, նարդու սեղանի շուրջ: Լեզվակռիվն այնքան էր թեժացել, որ գործը հասել էր ծեծկռտուքի։ Բաբկենը դիմել էր որդու օգնությանը, ով «Էլլա» գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցներից էր: Թերթը գրում է, որ Ջունգլը հոր և ազգականների հետ ծեծել էր Վարդանին հենց շենքի բակում, կնոջ և աղջկա աչքի առաջ: Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում միայն «Ջունգլն» ու նրա ազգական Սարգիս Ղուկասյանն էին կալանավորված:
Ըստ առաջին դատաբժշկական փորձաքննության՝ Վարդան Թումանյանի մահը ծեծի հետևանքով է վրա հասել: Նոր փորձաքննության համար հատուկ հանձնաժողով է կազմվել՝ փորձագետ Ֆանարջյանի գլխավորությամբ:
Տանյա Մելքոնյանն ասել է, որ նոր երրորդ փորձաքննություն է պահանջում, գուցե, դրսից անկախ փորձագետ կբերեն, քանի որ համոզված են, որ երկրորդ փորձաքննության ժամանակ մեղադրյալները կաշառել են փորձագետներին: