Home / Հայաստան / Կեցցե՛ ժողովուրդների եղբայրությունը․ Թուրքիայում պահանջեցին ճանաչել Ցեղասպանությունը (ՖՈՏՈ)

Կեցցե՛ ժողովուրդների եղբայրությունը․ Թուրքիայում պահանջեցին ճանաչել Ցեղասպանությունը (ՖՈՏՈ)

«Ուս ուսի ֆաշիզմի դեմ», «Մարդասպաններ, դուք պատասխան եք տալու», «Կեցցե՛ ժողովուրդների եղբայրությունը» կոչերը վանկարկելով՝ ապրիլի 24֊ին մոտ 3000 մարդ քայլերթ է անցկացրել Ստամբուլի կենտրոնական Իսթիկլալ պողոտայով և ակցիա անկացրել Ֆրանսիայի հյուպատոսարանի առջև։

Ակցիայի մասնակից Ստամբուլի բնակիչների խոսքով՝ հայերը Ֆրանսիան ամենամոտ և հարազատ պետությունն են համարում, ու ավանդույթ է հենց այստեղ հավաքվել՝ ավելի ապահով զգալու համար։

1taksim

«Այս վերաբերմունքը դարերի պատմություն ունի։ Ֆրանսիացիների և առհասարակ եվրոպացիների կողմից հիմնադրած վարժարանները նախ և առաջ քրիստոնյա սաներ էին ընդունում՝ դարձնելով նրանց ավելի կրթված»,֊ նշել է տեղացի հայերից մեկը։

Ակցիայի մասնակիցներն ունեին 1915 թվականի ցեղասպանությանը զոհ գնացած մտավորականների, ինչպես նաև ժամանակակից Թուրքիայում ազգայնականության զոհ դարձած Հրանտ Դինքի և 2011-ին Թուրքիայում սպանված Սևակ Բալիքչիի նկարները, Ցեղասպանությունը ճանաչելու կոչերով պաստառներ։ Մասնակիցների շատերի ձեռքին նաև «Մենք հո՛ս ենք» գրությամբ պաստառներ կային։

3taksim

Epress․am-ի թղթակցի հետ զրույցում Ստամբուլի բնակիչ, հայազգի Մուրադ Կոստանյանն ասել է, որ այս տարվա երթը նախորդ տարիներից առանձնանում է նրանով միայն, որ դրան մասնակցում են մեծ թվով ոչ ստամբուլցիներ։

«Հավանաբար, 100֊ամյակի պատճառով այս երթին անծանոթ դեմքերն ավելի շատ են։ Սփյուռքից շատ մարդ է եկել, հիմնականում՝ Ֆրանսիայից։ Շատ լրագրողներ են եկել։ Միակ տարբերությունը դա է»,֊ ասել է Կոստանյանը։

4taksim

Ակցիայի մասնակիցները Ֆրանսիայի հյուպատոսարանի մոտ ելույթներ են հնչեցրել, որոնք դատապարտում էին Հայոց ցեղասպանությունը, հիշել են մտավորականներին, ովքեր զոհ են դարձել 1915֊ին և իշխանություններին կոչ են արել ճանաչել Ցեղասպանությունը 100-ամյա տարելիցին։

«Մենք չենք տեսնում ելույթ ունեցողներին, լսում ենք նրանց ձայնը միայն։ Դա այդպես է արվում միշտ։ Թուրքիայում վտանգավոր է։ Ովքեր խոսեն Ցեղասպանության նվիրված ակցիայի ժամանակ, հնարավոր` է պրոբլեմներ ունենան հետագայում։ Այնպես որ նրանց ձայնն ենք լսում միայն։ Ես կարծում եմ, որ դա ոչ միայն անվտանգության համար է լավ, այլև այն բանի համար, որ անձերը այստեղ կարևոր չեն։ Մենք բոլորս հավաքվել ենք նույն ասելիքով։ Կամ վանկարկում ենք բոլորս միասին, կամ անանուն ձայնն է ասում այն, ինչ մենք բոլորս կիսում ենք», ֊ նշել է ակցիայի մասնակից մի սոցիոլոգ, ով չի ներկայացել։

2taksim

Ինչպես և նախորդ տարիներին, Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով միջոցառումներին զուգահեռ Ստամբուլում անցկացվել են նաև ազգայնականների հակընդդեմ ակցիաներ։ Նրանք ներկայացել են ազգայնական իրենց խմբերի դրոշներով, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի դրոշով։

Ոստիկանները երկու կողմից շրջափակել են ակցիայի մասնակիցներին՝ բախումներ թույլ չտալու համար։  

6taksim