Home / Տեսանյութեր / Ոստիկաններն այրել են որդու մատները՝ պահանջելով մեղքն իր վրա վերցնել, պնդում է մայրը

Ոստիկաններն այրել են որդու մատները՝ պահանջելով մեղքն իր վրա վերցնել, պնդում է մայրը

Թմրանյութի փոխանցման և պահման մեջ մեղավոր ճանաչված Հովhաննես Չոլախյանը պահանջում է արդարացնել իրեն։ Epress.am֊ի հետ զրույցում Չոլախյանի փաստաբան Սեյրան Ազիզյանն ասել է, որ իրենց բողոքն արդեն իսկ մերժվել է Վերաքննիչում և այս պահին գտնվում է Վճռաբեկ դատարանում։

Ըստ քրեական գործի՝ Չոլախյանը թմրանյութը փոխանցել է «Հրազդանի» ՔԿՀ՝ նետելով պատի վրայով։ Նա բերման է ենթարկվել ՔԿՀ֊ից ոչ հեռու՝ Սևանի մայրուղու վրա, սակայն Չոլախյանը պնդում է, որ ինքը թմրանյութ չի նետել, այլ ՔԿՀ֊ի մոտ մեքենան է կանգնեցրել՝ բնական կարիքը հոգալու նպատակով։ Ինչպես նշել է փաստաբանը, «Հրազդան»֊ում գտնվող դատապարտյալը, ում, ըստ գործի, հասցեագրված էր թմրանյութը, չի ճանաչել Չոլախյանին։

Ազիզյանի խոսքով՝ նախաքննական մարմինը Չոլախյանի դեմ կեղծ ապացույցներ է հավաքել։

«Մասնավորապես, կեղծվել են ընթերակաների ստորագրությունները։ Ընթերակաները ՔԿՀ֊ի աշխատակիցներ էին, որոնք եկել են ցուցմունք տալու դատարանում, և նրանց՝ դատարանում տված ստորագրությունն ակնհայտորեն տարբերվում էր արձանագրության մեջ առկա ստորագրություններից։ Մենք միջնորդեցինք փորձաքննություն անցկացնել, սակայն դատարանը մերժեց», ֊ ասել է փաստաբանը։ Նրա խոսքով՝ որևէ ապացույցներ ձեռք չեն բերվել նաև անձնական խուզարկության արդյունքում։

«Չոլախյանին բռնել են հունվարի 4-ին, բայց տեսել են, որ ձերբակալելու հիմք չկա, ազատել են։ 5 ամիս հետո, երբ իմ պաշտպանյալն այլ գործով դատապարտվել է, այդ գործով էլ են մեղադրանք առաջադրել»,֊ ասել է Ազիզյանը։

Չոլախյանի մայրն այսօր նախագահականի դիմաց արդարադատության պահանջով նստացույց էր անցկացնում։ «Թող մի փոս փորեն, ինձ թաղեն կենդանի։ Որդիս ասում է՝ ես չեմ կարող նստել չկատարածի համար։ Ես էլ ասում եմ՝ որդուս հետ թող ինձ էլ սպանեն»,֊ասել է մայրը։

Նա պատմել է, որ ոստիկաններն ամեն ինչ արել են, որպեսզի Չոլախյանն իր վրա վերցնի հանցագործությունը, անգամ նրա մատներն են վառել վառարանի վրա։ Մայրը Epress.am֊ի թղթակցին նաև ներկայացրել է այրված մատների նկարը։ Նրա խոսքով՝ որդին անգամ նման վերաբերմունքից հետո հանցագործությունն իր վրա չի վերցրել։

cholakhyan