Ուսումնական հաստատություններում սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզչություն չի իրականացվում, այսօր ԱԺ-ում լրագրողներին վստահեցրել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Եթե դասերի ժամերին ուսուցիչները քարոզչություն անեն, նման պահվածքը չի վրիպի Կրթության և գիտության նախարարության ուշադրությունից»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ ուսումնական հաստատություններում վարչական ռեսուրսի օգտագործման դեպքեր են գրանցվել։ Մասնավորապես, Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում տեղի է ունեցել քննարկում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, որտեղ հանդես են եկել միայն «այո»-ի ջատագովները՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը մշակած հանձնաժողովի անդամներ Գագիկ Ղազինյանը և Գևորգ Դանիելյանը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղազինյանը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանն է, իսկ Դանիելյանը՝ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը, ապա նրանց կողմից տարվող քարոզչությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ուսանողների կարծիքի ազատ ձևավորման վրա», ֊ ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Աշոտյանը, «այո»-ի քարոզը հերքելով, հիշեցրել է, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆալուլտետի գիտխորհուրդը որոշել է դեմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին։
«Եկեք այդ թեման թողնենք»,- եզրափակել է նախարարը։