Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը երկուշաբթի՝ նոյեմբերի 23֊ին, կքննարկի Եվրասիական տնտեսական միության երկրներում անդրսահմանային էլեկտրոնային առևտրի կարգավորման նոր՝ ավելի խիստ տարբերակներ, հայտնում է «Կոմերսանտ»֊ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Կայքի փոխանցմամբ, ԵՏՀ֊ում հաստատել են՝ էլեկտրոնային առևտրի համար նոր մաքսատուրքեր սահմանելու հարցն իսկապես ընդգրկած է խորհրդի այսօրվա նիստի օրակարգում․ «Չի կարելի ասել, սակայն, որ այսօր ընդունվելու են որևէ կոնկրետ որոշումներ կամ եզրակացություններ։ ԵՏՀ խորհուրդը միայն քննարկելու է իրավիճակը, իսկ հնարավոր որոշումների մասին խոսելը վաղաժամկետ է»։
Էլեկտրոնային առևտրի հարցերով աշխատանքային խումբը, մասնավորապես, մշակել է երկու բանաձև, որոնցից առաջինն առաջարկում է մաքսատուրքերից ազատել այն ապրանքները, որոնց արժեքը չի գերազանցում 22 եվրոն, իսկ քաշը՝ 1 կիլոգրամը։ 1 կգ֊ից ավել ու 22֊ից 150 եվրո արժողությամբ ապրանքների համար բանաձևը նախատեսում է 15 եվրո դրույքաչափ, իսկ 150 եվրոն ու 10 կգ֊ը գերազանցող ապրանքների համար՝ 15 եվրո գումարած մաքսային արժեքի 30%֊ը, սակայն ոչ պակաս քան 4 եվրո մեկ կգ֊ի համար։
Երկրորդ բանաձևն առաջարկում է մինչև 150 եվրո արժողությամբ ու 10 կգ֊ից պակաս կշռող բոլոր ապրանքների համար սահմանել 10 եվրո դրույքաչափ։ Եթե ապրանքի մաքսային արժեքը գերազանցում է 150 եվրոն, իսկ քաշը՝ 10 կգ֊ը, առաջարկվում է 10 եվրո դրույքաչափ գումարած ապրանքի մաքսային արժեքի 30%֊ը, սակայն ոչ պակաս քան 4 եվրո մեկ կգ֊ի համար։
Ինտերնետ֊առևտրի ընկերությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտյոմ Սոկոլովը «Կոմերսանտ»֊ի հետ զրույցում նշել է, որ ԵՏՄ երկրների համար առաջարկվող մաքսատուրքերի նոր դրույքաչափերը համապատասխանում են միջազգային փորձին։ «Եվրամիությունում արդեն գործում է անձնական օգտագորման ապրանքների՝ արտասահմանից առաքման համար մաքսատուրքերի դրույքաչափերի միասնական բազմաստիճան համակարգ։ Եթե կապոցի արժեքը գերազանցում է 22 եվրոն, վճարվում է ԱԱՀ 15֊ից 25%֊ի չափով՝ կախված երկրից։ 150 եվրոն գերազանցող ապրանքները ենթակա են ոչ միայն ԱԱՀ֊ի, այլև՝ ներմուծման մաքսատուրքի, ինչը միջինը կազմում է 6%»։