ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունն արդեն մոտ մեկ շաբաթ է՝ ստուգումներ է անցկացնում ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Այս մասին հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթի համաձայն, Վերահսկողականի մասնագետների ուշադրությունն առավելապես կենտրոնացված է պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացի վրա։
«Տվյալ դեպքում խոսքը ոչ թե ռազմամթերքի, այլ ՀՀ զինված ուժերի կարիքների համար ոչ ռազմական ապրանքների գնման գործընթացի մասին Է։ Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» նախօրեին հրապարակեց Հայաստանի պաշտպանության համակարգի 2015 թ. հակակոռուպցիոն համաթիվը, որում հստակ արձանագրված է. «Պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև անձնակազմի առանձին անդամներ, հանդիսանում են մի շարք առևտրային կազմակերպությունների կամ դրանց բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթների սեփականատեր, որոնց գործունեությունը և ֆինանսական հաշվետվությունները թափանցիկ չեն»։
«Ժողովուրդ»֊ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ որոշ աշխատակիցներ սկզբում փորձել են ստուգողներին «համոզել», որ ինչ-ինչ փաստեր չնկատելու տան։ Ըստ լուրերի՝ եթե ստուգումները շատ խորքային անցկացվեն, ապա արդյունքները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկության պատճառ կարող են դառնալ։ ՊՆ-ում շրջանառվող լուրերի համաձայն՝գնումների գործընթացները մանրակրկիտ ուսումնասիրելու դեպքում կարող Է պարզվել, որ նախարարի ընտանիքի որոշ անդամներ ազդել են գնումների գործընթացի վրա։
Ի դեպ, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հաստատել է ՊՆ-ում ստուգումներ անցկացնելու հանգամանքը», – գրում է թերթը։