Քաղցրաշեն գյուղի և հարակից մի քանի համայնքի խաղողագործներին հունիսի 3-ին վճարել են մթերված խաղողի դիմաց առկա ամբողջական պարտքից 60 միլիոն դրամը և խոստացել մնացած պարտքը մարել մինչև այս ամսվա վերջ։
Epress.am֊ի հետ զրույցում խաղողագործներից Զաքար Պետրոսյանը նշել է, որ պարտքի հիմնական մասը դեռ չի մարվել․ «Պարտքի մեծ մասը դեռ մնացել ա, բայց գործարանի ղեկավարությունը մարզպետի մոտ խոստացել է, որ այս ուրբաթ օրն էլ ինչ-որ գումար նորից կբերի, կբաժանի, իսկ մինչև ամսվա վերջ լրիվ կմարի պարտքերը»։
Խաղողագործը, սակայն, այդ խոստումներին չի հավատում։
«Դե 6 ամիս ա նույն բանն են ասում, դրա համար էդքան էլ չենք հավատում, բայց սպասում ենք, տեսնենք ինչ կլինի»,- ասել է Զաքար Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներն 2015 թվականի աշնանն առատ բերքի պայմաններում ստիպված են եղել խաղողի կիլոգրամը Քաղցրաշենի գինու գործարանին հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս գումարները չեն ստանում։ Նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացնում ՀՀ կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ։ Գյուղացիների հավաստմամբ՝ գործարանի տնօրինությունից իրենց ասել էին, թե գումարները կտան 2016 թվականի՝ մարտ-ապրիլ ամիսներին։ Քաղցրաշենում խաղողը մթերել էր «Վինար» գործարանը, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն է։