Կոտայքի մարզի Գողթ համայնքի բնակիչների առաջարկությունն ընդունվել է, համաձայն որի՝ կփոփոխվի Գեղարդալճի ջրամբարից ջրառի հանգույցը: Այս մասին երեկ հաղորդել է Ջրային տնտեսության պետական կոմիտեն։
Հունիսի 20-ին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ հանդիպման ժամանակ Գողթի բնակիչներից մեկը, դեմ արտահայտելով Գեղարդալճի ջուրը խողովակներով Կոտայքի մարզի այլ գյուղեր տեղափոխելու ծրագրին, առաջարկել է գողթեցիներին ձեռնտու ծրագիր, որը Գուլոյանը խոստացել էր քննարկել մասնագետների հետ։
Ըստ նախնական ծրագրի՝ Գեղարդալճի ջուրը պետք է վերցվեր ջրամբարի ներքևի հատվածից՝ (ջրառի հանգույցը պետք է լիներ ջրամբարի ներքևի հատվածում-խմբ․) այնտեղից, որտեղից որ վերցվում է Գողթ համայնքի համար։
Գողթի բնակիչն առաջարկել էր ջրառի հանգույցը տեղափոխել ջրամբարի վերևի հատվածը։
«Մեր տարբերակով Գեղարդալճի ջուրը կլցվի ամբողջությամբ, նոր ավելցուկային ջրերը կվերցնեն», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Գողթ գյուղի բնակիչ Վահրամ Սեդրակյանը։ Վերջինս նշել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն կարծես թե ընդունել է իրենց առաջարկը, բայց դա չի նշանակում, որ «գողթեցիները հանգիստ նստելու են»։ Բանն այն է, որ ծրագրի նոր տարբերակում նշված է, որ կփոփոխվի Գեղարդալճի ջրամբարից ջրառի հանգույցը, բայց նշված չէ, թե որ մասում այն կդրվի։
Ջրային տնտեսության պետական կոմիտեի հայտարարության մեջ գողթեցիներին երաշխավորում են լիարժեք ջրապահովում ոռոգման ողջ շրջանի ընթացքում։
«Մեզ փոփոխված տեսքով ծրագիր դեռ չեն ներկայացրել։ Մենք պահանջելու ենք այդ փոփոխություններով ծրագիրը լրիվ ներկայացնեն մեզ, դրանից հետո միայն հասկանանք…», – ասել է մեր զրուցակիցը։ Նա շեշտել է, որ ամեն դեպքում իրենք թույլ չեն տալու «ներքևի մասում շինարարությունը»։
Հիշեցնենք, որ Գողթ համայնքի բնակիչները այս ամսվա ընթացքում մի քանի անգամ փակել են Գողթից դեպի Գեղարդ տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Գեղարդալիճ ջրամբարի մոտ անցկացվող շինարարական աշխատանքները։ Համաձայն ՀՀ կառավարության կողմից իրագործվող ծրագրի, Գեղարդալճից ջուրը ինքնահոս ոռոգման համակարգով պետք է տեղափոխվի Կոտայքի մարզի մի քանի այլ համայնքներ ոռոգման նպատակով: Գողթեցիները, սակայն, պնդում են, որ Գեղարդալճի ջուրը չի բավարարում անգամ իրենց գյուղի հողատարածքները ոռոգելուն։ Բացի դրանից՝ գյուղացիների խոսքով՝ ջուրը իրականում այլ նպատակներով են տանում։ Մասնավորապես, որպես շահագրգիռ կողմ նշվում է գյուղից ներքև մեծ այգիներ ունեցող, Գողթի բնակիչ Մարկոս Ղարիբյանի և Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի անունները, որը Գողթի մոտ ունի հսկայական անջրդի հողատարածքներ։