Հայաստանը գտնվում է բարձր կոռուպցիոն ռիսկեր ունեցող 17 երկրների թվում: Այս մասին «Մեդիա կենտրոնում» մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպության փոխտնօրեն Սոնա Այվազյանը: Վերջինս շեշտել է, որ հատկապես պաշտպանության ոլորտի կոռուպցիան ազդում է ոչ միայն երկրի տնտեսության վրա, այլև կարող է «հազարավոր կյանքեր արժենալ, ինչպես ապրիլյան պատերազմը ցույց տվեց»։
«Մեր ուսումնասիրությունների արդյունքում հանգել ենք նրան, որ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի կողմից վերահսկողությունը այնքան ուժեղ չէ։ Մենք տեղյակ չենք` որքան մանրամասն են այդ բյուջեներն ու հաշվետվությունները վերահսկվում։ Մենք տեղյակ ենք՝ ինչ բյուջե էլ ներկայացվում է, ամեն դեպքում հաստատվում է հանձնաժողովի կողմից։ Եվ փաստորեն ՊՆ-ն, որքան գումար ուզում է, նրան տրվում է և պատշաճ վերահսկողություն չի լինում։ Այսինքն՝ նա լիովին ազատ է տնօրինել իր միջոցները։ Չկա ինֆորմացիա ներքին աուդիտի մասին», – ասել է Այվազյանը։
Վերջինս հայտնել է, որ ՊՆ-ն բաժնեմաս ունի 11 ձեռնարկություններում, սակայն հայտնի չէ՝ ինչպիսի ծախսեր, եկամուտներ ունեն դրանք։ Այդ ձեռնարկությունների մասին ոչ մի տեղ տվյալներ չկան․ «Մենք չգիտենք տերերը ովքեր են, հաշվետվությունները անհայտ են։ Եվ հայտնի չէ ինչպես են ծախսվում գումարները»։
Բանախոսը կարծիք է հայտնել, որ որոշ ձեռնարկությունների, օրինակ «Մարտիկ» հիմնադրամի (պաշտոնապես զբաղվում է ռազմական գիտության զարգացման օժանդակությամբ֊խմբ․) դեպքում առկա է փողերի լվացման հնարավորություն։
Այվազյանն անդրադարձել է նաև ընտրությունների ժամանակ բանակի օգտագործման դեպքերին․ «Ընտրությունների հարցով կան խնդիրներ… Օրինակ, նախկինում և հիմա էլ զինվորները չեն կարող ստանալ համապատասխան ինֆորմացիա, նրանց մոտ հնարավոր չէ քարոզչություն իրականացնել, այսինքն՝ զինվորները իրենց, այսպես կոչված, ընտրությունը կատարում են կա՛մ հրամանատարների ցուցումով, կա՛մ անգիտության մեջ։ Դա չի կարող համարվել ընտրություն, քանի որ նրանց համար քարոզչությունը արգելված է և նրանց համար հավասար հնարավորություններ չկան։ Նրանք դիտում են Հ1, որը օբյեկտիվ ցույց չի տալիս [քարոզարշավի ընթացքը] և չեն կարող կարծիք ձևավորել։ Եվ անգիտության պայմաններում նրանց խմբով տանում են ընտրությունների, վերահսկում են նրանց ընտրությունը, հոգեբանորեն ճնշում են գործադրում։ Հիմա այդքանին գումարվել է այն, որ ընտրատեղամասերի համարներն էլ են գաղտնի պահվելու։ Եթե առաջ կարող էինք հարցում անել և իմանալ՝ որտեղ են քվեարկելու զինվորականները և վերահսկել այդ տեղամասերը, ներկայումս այդ ինֆորմացիան գաղտնի է։ Մենք չենք կարող վերահսկել զինծառայողների ընտրությունը»։