ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չի արձագանքել Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործների մտահոգություններին։ Նախորդ ամսին նախարարը խաղողագործներին խոստացել էր, որ 2015֊ին մթերված խաղողի դիմաց գումարները կմարվեն մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը։
Նոյեմբերի 1-ին գումարները չստանալով՝ քաղցրաշենցիներն այսօր եկել են Երևան և ՀՀ կառավարության շենքի մոտ նախարարից բացատրություններ են պահանջել, սակայն Առաքելյանը չի ցանկացել հանգամանալից զրուցել խաղողագործների հետ։
«Սկի չկանգնավ մի հատ՝ խոսայինք։ Դուրս էկավ, քայլելով գնաց, ասեցինք՝ բա մեր հարցը ի՞նչ կլինի, ասում ա՝ սպասեք, նոր գնորդ ա գտնվել, [գործարանի] սպիրտը պետք ա ուղարկեն Ռուսաստան ստուգման, որից հետո տանեն, ծախեն։ Ասեց ու նստավ իրա սիրուն ավտոն ու գնաց։ Հիմա թե ե՞րբ կուղարկեն, ե՞րբ փողերը կտան, արդեն չգիտենք»,- Epress.am -ի հետ զրույցում ասել է խաղողագործներից Համլետ Ազիզյանը։
Քաղցրաշենցիներ լրագրողների հետ զրույցում նշել են, որ այլևս չգիտեն՝ ինչ միջոցների դիմել։ Նրանք ասում են, որ պատրաստ են ծայրահեղ քայլերի դիմելու հարցը քննարկել, եթե իրենց շարունակեն պահել անորոշ վիճակում։
«Ուրիշ միջոց չկա, արդեն պետք ա ծայրահեղ քայլերի դիմենք՝ ճանապարհ կփակենք կամ չգիտեմ, այլ քայլի կդիմենք։ Հույս ունենք՝ գոնե վարչապետը արձագանքի մեր հարցին»,- նշել է քաղցրաշենցի Գևորգ Հարությունյանը։
Խաղողագործները, չնայած որևէ պատասխանի հույս չունեն, այսօր կրկին դիմում են ներկայացրել ՀՀ կառավարություն՝ հանդիպում խնդրելով վարչապետի հետ։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներն 2015 թվականի աշնանն առատ բերքի պայմաններում ստիպված են եղել խաղողի կիլոգրամը Քաղցրաշենի գինու գործարանին հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս գումարները չեն ստացել։ Մեկ տարի շարունակ քաղցրաշենցիներն իրենց գումարը ստանալու համար Կառավարության շենքի և նախագահականի դիմաց բողոքի ակցիաներ են արել, հրաժարվել են իրենց երեխաներին դպրոց ուղարկել, սակայն մթերված խաղողի դիմաց միայն գումարի մի մասն են կարողացել ստանալ։ Քաղցրաշենում խաղողը մթերել էր «Վինար» գործարանը, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն է։