Home / Հայաստան / 2017-ին ՀՀ կառավարությունը տասնյակ միլիոնավոր դոլարների գրանտ է ստանալու

2017-ին ՀՀ կառավարությունը տասնյակ միլիոնավոր դոլարների գրանտ է ստանալու

1gov

2017թ. պետական բյուջեի նախագծի համաձայն՝ ՀՀ կառավարությունը գալիք տարում նախատեսում է օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստանալ շուրջ 31 մլրդ դրամ (մոտ 65 միլիոն դոլար) ընդհանուր ծավալով պետական դրամաշնորհներ: Այս ցուցանիշը 500 միլիոն դրամով պակաս է 2016թ. ցուցանիշից և կազմում է պետբյուջեի եկամուտների մոտ 2,6%-ը: Այս մասին գրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության փորձագետ Անդրանիկ Մանուկյանը։

chartgrants

Մանուկյանը նշում է, որ բերված գծապատկերում ներկայացված է պետական դրամաշնորհների փոփոխության վերջին տարիների դինամիկան: Ինչպես երևում է գծապատկերից, օտարերկրյա դրամաշնորհների ծավալը 2013 թվականից հետո ընդհանուր առմամբ աճի միտում է արձանագրել:

«Ինչպես 2016-ին, գալիք տարում ևս ՀՀ ամենախոշոր դոնորներ կշարունակեն մնալ ԵՄ կառույցները և ԵՄ անդամ պետությունները: Ընդ որում, ԵՄ կառույցները միակն են, որ Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում Հայաստանին տրամադրում են 9,2 մլրդ դրամի հասնող ընդհանուր բնույթի բյուջետային օժանդակություն: Այս օժանդակությունը կապված չէ համատեղ իրականացվող ծրագրերից և հանդիսանում է ուղղակի ֆինանսական աջակցություն Հայստանին՝ ժողովրդավարական ցուցանիշների համար: Պետք է նշել սակայն, որ այս ցուցանիշը 3,8 մլրդ դրամով նվազել է նախորդ տարվա համեմատությամբ, ինչը կարող է պայմանավորված լինել Հայաստանում ժողովրդավարական ցուցանիշների անկմամբ:

2017թ. նախատեսվում է նաև ստանալ 21,8 մլրդ դրամի հասնող նպատակային օժանդակություն: Ֆինանսական աջակցության այս խումբը ներառում է համատեղ իրականացվող ծրագրերին կապակցված պաշտոնական գրանտերը: 2017թ. նախատեսված նպատակային դրամաշնորհների ծավալը 4,6 մլրդ դրամով ավելի է ընթացիկ տարվա համար նախատեսված ցուցանիշից: Այստեղ ևս ՀՀ խոշորագույն դոնորը Եվրոպական Միությունն է, որը ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում նախատեսում է տրամադրել մոտ 8,7 մլրդ դրամ: Այս օժանդակությունն ավելի է նախորդ տարվա ցուցանիշից 4.3 մլրդ դրամով», ֊ գրում է փորձագետը:

Մանուկյանը ներկայացնում է 2017թ. համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում նախատեսվող հիմնական դրամաշնորհային փաթեթները (դրանց մեջ ներառված չեն գերատեսչական ծրագրերով գրանտները, ինչպես նաև գերատեսչություններին տրամադրվող օտարեկրյա գույքն ու այլ աջակցությունը):

֊ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի N2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում նախատեսված է ստանալ 1,6 մլրդ դրամ: Այսպիսով, Հայաստանը 2016թ. համեմատությամբ 2,3 մլրդ դրամով ավելի քիչ ֆինանսական օժանդակություն կստանա Ռոսաստանի Դաշնությունից:

֊ Գերմանիայի Դաշնային Հանրապետության զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում նախատեսված է ստանալ 2,2 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ ցուցանիշը նվազել է 1,4 մլրդ դրամով:

֊ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում նախատեսված է ստանալ 3 մլրդ դրամ, ինչը 400 միլիոն դրամով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

֊ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ծրագրի (3-րդ տրանշ) շրջանակներում նախատեսված է ստանալ 1 մլրդ դրամ, ինչը 200 միլիոն դրամով զիջում է նախորդ տարվա ցուցանիշին:

֊ Դանիայի Թագավորության աջակցությամբ իրականացվող գյուղական կարողությունների ստեղծման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսված է ստանալ 800 միլիոն դրամ, ինչը 100 միլիոն դրամով պակաս է նախորդ տարվանից:

֊ Այլ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում նախատեսված է ստանալ 800 միլիոն դրամ:

Ի տարբերություն նախորդ տարվա՝ ՀՀ-ն այս տարի Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ‹‹ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի դեմ պայքարի ուժեղացում›› դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կստանա լրացուցիչ 2,3 մլրդ դրամ, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գործընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` մոտ 1,5 մլրդ դրամ:

Բազմաթիվ օտարերկրյա դոնորներ (ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, Եվրոպայի Խորհուրդը, ԵԱՀԿ-ն և այլն) ցանկում ներառված չեն, քանի որ գերադասում են Հայաստանի պետական մարմիններին ոչ թե գումար փոխանցել (հավանաբար՝ կոռուպցիոն ռիսկերից խուսփելու համար), այլ, միանգամից փոխանցել անհրաժեշտ գույքը կամ ամինջականորեն իրականացնել այլ (օրինակ՝ կրթական) աջակցությունը: