«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին՝ հիմնավորելով, որ 2015 թվականից ի վեր՝ իր բացակայության ընթացքում, «քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ և գործիչ այդպես էլ չկարողացավ լրացնել»։ Երկու տարի առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ծագած խնդիրներից հետո քաղաքականությունից հեռացած գործարարն այժմ ասում է, որ ինքն այդպիսով փորձել է խուսափել արյունահեղությունից։
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ Ծառուկյանի հիմնավորումը, թե իր տեղը բաց էր մնացել, համապատասխանում է իրականությանը։
«Իրոք, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գնալուց հետո ԲՀԿ֊ն չկարողացավ գտնել համարժեք լիդերի, ով կկարողանար ղեկավարել կուսակցությունը և ԲՀԿ֊ն պահել այն մակարդակի վրա ինչ կար Գագիկ Ծառուկյանի ղեկավարման ժամանակ։ Դա իրոք չստացվեց, և ԲՀԿ֊ն վերածվեց Հանրապետական կուսակցության փաստացի մասնաճյուղի։ Այդ բացը Գագիկ Ծառուկյանի վերադարձով լցվում է, և ԲՀԿ֊ն դառնում է ինքնուրույն ուժի՝ իր ռեսուրսներով, իր հզորությամբ», ֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է Բադալյանը։
Ըստ Բադալյանի՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձը հնարավորություն է տալիս ԲՀԿ֊ին բավական ազդեցիկ խմբակցություն ունենալ ապագա Ազգային Ժողովում։ Փորձագետը նշում է՝ հավանական է, որ ԲՀԿ֊ի վերադարձն ունի նաև հեռահար նպատակ․ 2018 թվականին, երբ ավարտվի գործող նախագահի լիազորությունների ժամկետը, նոր վարչապետը կընտրվի ԲՀԿ֊ՀՀԿ հնարավոր կոալիցիայի միջոցով։
Բադալյանի խոսքով՝ Ծառուկյանի գնալն ազդեց նաև ամբողջ քաղաքական դաշտի վրա․ ընդդիմադիր եռյակը լուծարվեց, դաշինքներ կային, որ լուծարվեցին, ԲՀԿ֊ն կորցրեց իր ազդեցությունը։ Այն հարցին, թե ինչքանով է հավանական, որ Գագիկ Ծառուկյանին նորից ընտրազանգվածը վստահի, Բադալյանը պատասխանել է․ «Ծառուկյանին քվեարկում են կամ մարդիկ ովքեր հանձինս նրա տեսնում են փրկիչի, կամ մարդիկ, ովքեր ֆինանսական շահ ունեն։ Հիասթափությունը էական չէ, 10 հազար դրամ տալիս ես, հիասթափությունը վերանում է», ֊ ասել է նա։