Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցիչներն այսօր նախազգուշական գործադուլ են արել: Epress.am֊ի հետ զրույցում ուսուցիչներից Արմեն Գրիգորյանը նշել է, որ գործադուլի պատճառն իրենց դպրոցի անմխիթար վիճակի նկատմամբ պետական կառույցների անտարբերությունն է:
Ուսուցչի խոսքով՝ 600 աշակերտ ունեցող դպրոցը չունի բավարար դասասենյակներ, և երեխաները գերծանրաբեռնված դասասենյակներում են սովորում:
«Արդեն 25 տարի է երեխաները չունեն ֆիզկուլտդահլիճ, չունեն ինֆորմատիկայի սենյակ, գրադարան, հանդիսությունների դահլիճ, որովհետև այս բոլոր սենյակները, երեխաների թվի աճի հետ, ստիպված վերածվել են դասասենյակների: Դպրոցում չկան նաև բավարար թվով սանհանգույցներ: Երեխաները ստիպված են ֆիզկուլտուրայի դասերն անցկացնել դրսում, իսկ ձմռանը և անձրևին անում են դասասենյակում: Ինֆորմատիկայի դասը 21-րդ դարում անում ենք գրքով, գրատախտակի վրա»,- պատմել է ուսուցիչը:
Գրիգորյանի խոսքով՝ իրենք դիմել են բոլոր պետական կառույցներին, սակայն մինչև օրս ոչ ոք ոչինչ չի արել դպրոցի վիճակը բարելավելու համար:
Նրա փոխանցմամբ՝ իրենք դիմել են նաև Կրթութան և գիտութան նախարարութուն, սակայն այնտեղից պատճառաբանել են, որ այս պահին հիմնական դպրոցների համար հատկացված գումար չկա և չեն կարող դպրոցի հարցը լուծել:
«Մենք դիմել ենք նաև մարզպետարանին, բոլոր հնարավոր պետական մարմիններին, բայց ստացված բոլոր պատասխաններն ու խոստումները մնացել են թղթի վրա: Մենք 2015 թվականից սկսած անընդհատ բարձրաձայնել ենք մեր խնդիրը, բայց, թղթի վրա մնացած խոստումից բացի, ոչ մի բան չի արվում»,- ասել է դպրոցի ուսուցիչը:
Գրիգորյանը նշել է, որ իրենց այս քայլը նախազգուշական բնույթ է կրում, և իրենք պատրաստվում են հետևողականորեն պայքարել պետական կառույցների ուշադրությունն իրենց դպրոցի կողմը գրավելու համար: