Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացիական ակտիվիստ, գործարար֊ինժեներ Վարդգես Գասպարին «սերժի՛կ, մարդասպան, սերժի՛կ, սրիկա» պաստառով այսօր՝ հուլիսի 14-ին, գետնին պառկած ակցիա է անցկացրել․ «Իմաստն այն է, որ ռեժիմը սպանեց Հաց բերողին։ Դրանով ամեն ինչ ասված է»։ Հենց այդ փողոցներով է առավոտյան ժամերին նախագահական գնալիս իր շարասյունով անցնում Սերժ Սարգսյանը։
Epress.am-ի հետ զրույցում Գասպարին պատմել է, որ երբ օրեր առաջ նույն պաստառը ձեռքին ինքը փորձել է անցնել Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկը, ոստիկանները պատ են կազմել և փակել Գասպարիի ճանապարհը։ Նրան արգելել են, որ տեղում կանգնի և իր պաստառը բարձրացնի։ Դրա համար այսօր Գասպարին պառկած է ակցիա արել։ Թե ինչու են Գասպարիին այդ օրն արգելել կանգնել և ակցիա անել, ակտիվիստը չգիտի․ «Ես վաղուց նրանց հետ ոչ խոսում, ոչ ասելու բան ունեմ։ Իմ ասելիքը սա է` (ցույց է տալիս պաստառ-խմբ․) ուղղված Սերժին և բոլոր ենթականերին` ընդհուպ շարքային ոստիկանը»։
Գասպարին նշել է՝ ինքն ուզում է, որպեսզի Սերժ Սարգսյանն իմանա, որ 3 միլիոն բնակչության ուշքը չի գնում նրա համար․ «Գոյություն ունի կենդանի մեկ մարդ, որը չի ընդունում նրան, Սերժին մարդասպան, սրիկա է համարում, բայց նրան արտահայտվելու իրավունք չեն տալիս»։
«Սա դիալոգ է իշխանության ներկայացուցչի՝ Սերժ Սարգսյանի հետ, և իմ վերաբերմունքն եմ արտահայտում», – ասել է Գասպարին։
Վարդգես Գասպարին տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի տան կամ նախագահական նստավայրի դիմաց ակցիաներ է անցկացնում։