«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Հարություն Պողոսյանը հացադուլ է հայտարարել՝ բողոքելով իր վաղաժամ ազատման դիմումը մերժելու, և դատարանում առանց իրեն՝ դիմողի, նիստ անելու դեմ։
Ինչպես Epress.am֊ին հայտնել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, Պողոսյանը հացադուլ հայտարարելուց հետո տեղափոխվել է առանձին խուց։
Մեր այն հարցին, թե ինչու Պողոսյանին նիստին չեն տարել, Ղլեչյանն ասել է, որ դատապարտյալներին դատարան տանել֊բերելն իրենց գործառույթը չէ։
Առանց դիմող Պողոսյանի նիստն անցկացրել էր Երևանի Կենտրոնի և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը։ Նա ուժի մեջ է թողել դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հանձնաժողովի՝ 1֊ին կարգի հաշմանդամություն ունեցող Հարություն Պողոսյանին տված մերժումը։