25 միկրոավտոբուսների վարորդներ այսօր բողոքի ցույց են կազմակերպել Գյումրու քաղաքապետարանի դիմաց։ Նրանք պահանջում են չեղյալ համարել մինչև 2003 թվականը արտադրված և սպիտակ պետհամարանիշներ ունեցող գազելները շահագործումից հանելու որոշումը։
Գյումրու տրանսպորտի տեսչությունն արգելել է վերոնշյալ մեքենաները շահագործել, ինչը վարորդներին փողոց է դուրս բերել։
«Ապրիլի 1֊ից արգելելու են մեր մեքենաները գծի դուրս գալ, ասում են, թե պետք է 2003 թվից էս կողմ լինի ու պարտադիր դեղին պետհամարանիշներով։ Սրանից մեկ շաբաթ առաջ Երևանի ճանապարհային ոստիկանության միլիցեքն էին եկել, գծի մեջ գտնվող մեքենաները կստուգեին, ու դրանից հետո ասեցին, թե ամսի 1֊ից էդ թվի երթուղայիններն էլ չպետք է գիծ դուրս գան»,֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է վարորդներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ։
Վարորդն ընդգծել է, որ արգելքների պատճառով Գյումրիում առնվազն 50֊ից 60 մեքենա դուրս կմնա գծից։
«Ամեն երթուղու մեջ էլ կան, որ սպիտակ համարներով են, հեչ որ չլինի, ամեն երթուղուց 5֊6 մեքենա դուրս կմնա։ Կան վարորդներ, որ իրենց մեքենաներն է, կան, որ գծատերերին է պատկանում։ Էդ դեղին համար հանելն էլ մինիմում 30֊ից 40 հազար դրամ է, պտի հանեն, որ հարկային դաշտ մտնեն»,֊ եզրափակել է վարորդը։
Բողոքի ցույցին մասնակցող վարորդների հետ հանդիպել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Epress.am֊ի հետ զրույցում ասել է քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Սոնա Առաքելյանը։
«Խնդիրը սպիտակ պետհամարանիշներով մեքենաների շահագործմանն է վերաբերում, նաև՝ մեքենաների տարեթվին։ Մեկ տարի մոտավորապես քաղաքապետը միջնորդել է տարբեր կառույցներին, որպեսզի թույլատրեն սպիտակ պետհամարանիշներով մեքենաների շահագործումը, բայց օրենքի շրջանակում չի թույլատրվում սպիտակ պետհամարանիշներով մեքենաների շահագործումը։ Քաղաքապետը խոստացել է ընդառաջել, համապատասխան կառույցների հետ զրուցել, բայց թե ինչ արդյունք կլինի, չենք կարող ասել։ Ինքը՝ քաղաքապետը, ևս շատ լավ հասկանում է, որ այստեղ կա լուրջ սոցիալական խնդիր։ Մարդիկ նաև իրենց ընտանիքներն են պահում այս մեքենաները վարելով»,֊ ասել է Սոնա Առաքելյանը։