Home / Բնապահպանություն / «Լիդիանը» ապակողմնորոշում է հանրությանը

«Լիդիանը» ապակողմնորոշում է հանրությանը

Այսօր՝ ապրիլի 12-ին, «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը մամուլի միջոցով տարածել է հետևյալ վերնագրով հաղորդագրությունը․ «Դատարանը պատրավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել Լիդիանի ազատ մուտքն Ամուլսարի տարածք»։ Սակայն կարդալով datalex.am կայքում հրապարակված վարչական դատարանի վճիռը` պարզվում է, որ «Լիդիանը» հերթական անգամ ապակողմնորոշում է հանրությանը։

ՀՀ վարչական դատարանի վճռում ոչ մի բառ չկա Ամուլսարի տարածք «Լիդիանի» ազատ մուտքն ապահովելու մասին։ Այնտեղ գրված է ընդամենը հետևյալը․

1. «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ոստիկանության (ի դեմս
Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի)
բավարարել. պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնելու հայցվորին
սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475
կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները:

  1. Ոստիկանությունից հօգուտ <<Լիդիան Արմենիա>> ՓԲԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
  2. Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
  3. Սույն վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»:

Ինչպես համոզվեցիք, դատարանի վճռում ընդհանրապես ոչ մի հիշատակում չկա դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացելու և «Լիդիանի» ազատ մուտքն ապահովելու մասին՝ ինչպես, որ փորձել է ներկայացնել «Լիդիանը»։ Բացի այդ, նույնիսկ այս վճիռը դեռևս ուժի մեջ չի մտել, այլ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց՝ այն էլ միայն այն դեպքում, եթե ՀՀ ոստիկանությունը չբողոքարկի այն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ փոստ՝  [email protected]