Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները երեկ Одноклассники և Facebook հասարակական ցանցերում խումբ են ստեղծել, որը կոչվում է «Ընդդեմ ոստիկանական ապօրինությունների»:
Epress.am-ի հետ հեռախոսազրույցում ՀԱԿ-ի ակտիվիստ Սարգիս Գևորգյանը նշել է, որ այս նախաձեռնությունը շարունակությունն է մոտավորապես մեկ ամիս առաջ ՀԱԿ երիտասարդների հաղորդագրության, որում, մասնավորապես, ասվում էր, որ «Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր վայրում միջամտելու են ոստիկանական ապօրինի գործողություններին»:
«Երկու սոցիալական կայքերում ստեղծված խմբերի միջոցով փորձելու ենք համախմբել այն երիտասարդներին, ովքեր չեն վախենում բարձրաձայնել ոստիկականական ապօրինությունների մասին: Մենք կոչ ենք անում բոլոր ուսանողներին և երիտասարդներին ակտիվորեն միանալ խմբին, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք պայքարել այդ ապօրինությունների դեմ և համատեղ ջանքերվ իրականացնեք մեր երազանքը` ապրել Ազատ, Անկախ Հայաստանում»,- ասել է Սարգիս Գևորգյանը և հավելել, որ մարդիկ արդեն իսկ ինտենսիվորեն միանում են խմբին:
Նշենք, որ այս պահին Facebook ցանցում խմբին միացել են 56 մարդ, իսկ Одноклассники ցանցում` 86: