Նովգորոդի քաղաքային դատարանը մերժել է նովգորոդցի գործարար Թելման Մխիթարյանի փաստաբանների բողոքարկման դիմումները` Մխիթարյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարաձելու առնչությամբ:
Ինչպես հաղորդում է БалтИнфо-ն, Մխիթարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2011 թվականի փետրվարի 22-ը, ընդհանուր հաշվով 5 ամիս 28 օր:
Նովգորոդում հանցավոր աշխարհի հեղինակություն համարվող երկու խոշոր գործարարների` Թելման Մխիթարյանի և Նիկոլայ Կրավչենկոյի նկատմամբ 2008 թվականին քրեական գործ էր հարուցվել «Հսկայական ծավալների դրամաշորթության» մեղադրանքով:
2009 թվականին Մխիթարյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել: 2010-ի օգոստոսին Մխիթարյանին բերման են ենթարկել Երևանում, իսկ հոկտեմբերի 22-ին նա արտաքսվել է Ռուսաստան:
Թելման Մխիթարյանը ղեկավարում էր «Նովգորոդի ապակեթելերի գործարանը», ինչպես նաև մի շարք ձեռնարկություններ: Երկար ժամանակ համարվում էր տարածաշրջանային տնտեսության «ստվերային» ղեկավարը: Ուներ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: