Այսօր ժամը 14.00-ին Վերաքննիչ դատարանում մեկնարկեց քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբանների վերաքննիչ բողոքի քննարկումը:
Փաստաբանները դատարանից պահանջել էին բեկանել 2010թ. նոյեմբերի 19-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի որոշումը: Մնոյանը հրաժարվել էր անվավեր ճանաչել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի` 2010թ. մայիսի 25-ի որոշումը, որով Նիկոլ Փաշինյանի ազատազրկման ժամկետը ավելացրվել էր մոտ 5 ամսով:
Այսօրվա դատական նիստի սկզբում Փաշինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը հանդես եկավ միջնորդությամբ` հետաձգել նիստը` իր պաշտպանյալի ներկայությունը ապահովելու համար:
Դատավոր Եվա Դարբինյանը հարցրեց կողմերի կարծիքը, որոնք թողեցին որոշումը դատարանի հայեցողությանը:
Դատավորը որոշում կայացրեց բավարարել միջնորդությունը` հիմնավորելով, որ Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, չի ստացել դատական նիստի վերաբերյալ ծանուցում:
Դատական նիստը նշանակվեց փետրվարի 1-ին, ժամը 12.00-ին «Արթիկ» ՔԿՀ-ում: