«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ «Բարգավաճ Հայաստան» և Հանրապետական կուսակցությունների հարաբերությունները գտնվում են պոկելու (նկատի ունի մեկը մյուսից ցանկանում է ինչ-որ բան պոկել) հարթության մեջ: Բանախոսի կարծիքով` Հայաստանի քաղաքական դաշտը ընդհանուր առմամբ գտնվում է այդ հարթության մեջ:
«Այդ տեսակետից այդ հարաբերությունները Հայաստանի համար որևէ հետաքրքրություն չեն նշանակում, դրանք մեր ժողովրդի համար որևէ ապագա իրենց մեջ չեն պարունակում, այդ թվում նաև այդ կուսակցությունների ղեկավարների համար»,- մեկնաբանել է Մանուչարյանը` նշելով, որ դա ընդհանուր փակուղային իրավիճակում ինչ-որ անցուդարձ է, որպեսզի իրարից մի բան տանեն:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջերս «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցին` Մանուչարյանն ասել է, որ Քոչարյանը միշտ եղել և մնում է քաղաքական ասպարեզում:
Նրա խոսքով` պետք է դիտարկել այն հարցը, թե այս իրավիճակի մեջ կա արդյոք փոփոխություն նրա քայլերի փիլիսոփայության մեջ: Մանուչայանի կարծիքով` նման փոփոխություն Քոչարյանի գործողություններում ինքը չի տեսնում: