Այսօր ժամը 10:00-12:00-ը վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները հանդիպել են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Հանդիպման ընթացքում նրանք քաղաքապետին են հաղորդել իրենց մտահոգությունները և խնդիրները:
Հիշեցնենք, որ սկսված փետրվարի 5-ին` մի քանի տասնյակ վարորդներ բողոքում էին Վրաստանից Հայաստան բերվող մեքենաների համար սահմանված բարձր մաքսատուրքի դեմ:
Epress.am-ի հետ զրույցում Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի տնօրեն Լևոն Բարսեղյանը տեղեկացրել է, որ քաղաքապետը վարորդների հետ հանդիպման ժամանակ խոստացել է աջակցել իրենց:
«Ժամը 15:30-ին «Ասպարեզ» ակումբում գումարվել է վարորդների հերթական ժողովը, որի ժամանակ պետք է որոշում կայացվեր որոշակի երթուղով Գյումրի քաղաքում ավտոերթ անցկացնել, ինչպես նաև այցելել Գյումրիի պատգամավորների գրասենյակներ ` իրենց խնդիրները նրանց ներկայացնելու նպատակով:
Այնուհետև այսօր երեկոյան նշանակված է հանդիպում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աճապանյանի հետ: Վաղվա իրենց գործողությունների ծրագիրը վարոդներնը այսօր երեկոյան կորոշեն, բայց չեն հրապարակի:
«Ոստիկանական ապօրինությունների դեմն առնելու համար նախապես ամբողջ ծրագիրը չի հրապարակվում»,- ասել է Լևոն Բարսեղյանը:
Ի դեպ, այսօր Գյումրիի առևտրականները ևս բողոքի ցույց էին անցկացրել` ընդդեմ հարկային տեսչության ճնշումների: Նրանք հավաքվել են Գյումրիի տարածքային հարկային տեսչության մոտ, այնուհետև գնացել «Ասպարեզ» ակումբ` միանալու վարորդներին:
Լևոն Բարսեղյանը մեզ հաղորդել է նաև, որ իր ունեցած տեղեկություններով` վաղը ժամը 12:00-ին Լոռու մարզի վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները նույնպես բողոքի հանրահավաք են անցկացնելու: