Home / Հայաստան / Կոալիցիան ցանկանում է ընդդիմությանը լիովին դուրս մղել խորհրդարանից. Օսկանյան

Կոալիցիան ցանկանում է ընդդիմությանը լիովին դուրս մղել խորհրդարանից. Օսկանյան

Իշխող կոալիցիայի նոր հայտարարությունը ընդգծում է իշխանության արհամարհանքը ժողովրդավարության, ընտրությունների ինստիտուտի և հասարակության կամքի հանդեպ: Այս մասին ասված է ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ  Վարդան Օսկանյանի տարածած հայտարարության մեջ:

«Կոալիցիոն ուժերը բաց տեքստով հայտարարում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում չեն պատրաստվում իրականացնել քաղաքական ուժերի հիմնական առաքելությունը` քաղաքական ազատ մրցակցության մեջ մտնել միմյանց հետ: Ավելին` բացարձակ մեծամասնություն ունեցող կոալիցիան նաև հայտարարում է, որ նպատակ ունի առանց այդ էլ խորհրդարանում չնչին ներկայություն ունեցող ընդդիմությանը լիովին դուրս մղել խորհրդարանից: Սա ոչ միայն չի նպաստի երկրում ստեղծված բարդ սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավիճակի բարելավմանը, այլև ավելի կբարդացնի այն», – ասված է հայտարարության մեջ:

Օսկանյանը նշում է, որ իրավիճակից դուրս գալու ճանապարհը «ոչ թե այդ իրավիճակի բարելավման հիմնական խոչընդոտը հանդիսացող իշխանությունների վերարտադրության երաշխավորումը պետք է լիներ, այլ իշխանության ներսում հակակշռի ապահովումը` միահեծան իշխանությանը այլընտրանքի հնարավորության հեռանկարը»:

«Ստեղծված իրավիճակը էլ ավելի կխորացնի հասարակության հուսահատությունը` հնարավոր բոլոր բացասական հետևանքներով», – եզրափակում է Վարդան Օսկանյանը: