Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան իր 2010 թվականի զեկույցում այլ հարցերի թվում անդրադարձել է դատարանների և քրեակատարողական հիմնարկների գործունեությանը: Ասոցիացիան այդ ընթացքում դիտարկել է 130 քրեական գործ` փաստելով, որ դրանցից մի շարքում խախտվել է ոչ միայն ներպետական, այլև միջազգային նորմերը:
Ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանցը խախտումների օրինակ է բերել` նշելով, որ դատավորը վկային կարող է հարցաքննել առանց անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու, և դատավորը բավարար է համարում միայն այն, որ դատախազը հայտարարում է, որ ճանաչում է վկային:
Կարապետյանցի խոսքով` լուրջ խնդիր է նաև այն, որ դատախազների ներկայացրած մեղադրական եզրակացությունները արտատպվում են դատավորների որոշումների մեջ:
Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը, խոսելով Քրեակատարողական հիմնարկներում տիրող վիճակի մասին, ասել է, որ «իրավիճակն այնտեղ ստաբիլ ծանր է»:
Բաբայանի խոսքով` 2010 թվականի ընթացքում բանտերում կաշառակերության աճ է գրանցվել: Նա տեղեկացրել է, որ կենտրոնական բանտային հիվանդանոցում պառկելու համար վճարում են 1000 դոլար:
«Շատ ծանր է հիվանդների վիճակը, որոնք նոր ՔԿՀ-ների վարչության պետ Հայկ Հարությունյանի գալուց հետո ցրվեցին գաղութներով: Շատ հիվանդներ բողոքում են, որ իրենց վիճակը ծանր է, և իրենց վրա ուշադրություն չեն դարձնում, իսկ հիվանդանոցը գտնվում է կիսադատարակ վիճակում»,- ասել է Բաբայանը:
Նրա ներկայացմամբ` գաղութները գտնվում են քանդված և քայքայված վիճակում, և եթե առաջ ասում էին, որ տեղերում պետք է կապիտալ վերանորոգում իրականացնել, ապա հիմա կարծում են, որ պետք է քանդեն` նորը կառուցեն:
Բաբայանի խոսքով` միակ նորմալ ՔԿՀ-ն, որ գտնվում է բարվոք վիճակում և լավ վերանորոգված է, դա «Արթիկ» ՔԿՀ-ն է:
«Շատ վատ է վիճակը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ մի խցում քսան կալանավոր է պահվում և նրանք հերթով են քնում: Դիտորդական խմբի խուց մտնելու ժամանակ մեզ վրա թախտաբիթիներ թափվեցին: Խցերում կային մեծ քանակությամբ շշեր: Լուրջ խնդիր է ջրի խնդիրը, քանի որ այնտեղ ջուրը ժամով են տալիս և դրա համար բերում են տարբեր պատճառաբանություններ», – ասել է Բաբայանը:
Նա նշել է, որ մեծ խնդիր է նաև ՔԿՀ-ներից տեղեկատվություն ստանալը: Այնուամենայնիվ, հունվարին ՔԿՀ-ներից մեծ դժվարությամբ ստացված տեղեկատվության համաձայն, 2010 թվականի ընթացքում ՔԿՀ-ներում մահացել է 38 մարդ` 32-ը հիվանդության պատճառով, մեկը` դժբախտ պատահարի, 5-ը ինքնասպանություն են գործել: Հայաստանյան ՔԿՀ-ներում կա 47 տուբերկուլյոզով հիվանդ, 22 ՁիԱՀ-ով հիվանդ: Բաբայանը նաև տեղեկացրել է, որ վատ վիճակում են գտնվում նաև ՔԿՀ աշխատակիցներ, որոնք շատ ցածր աշխատավարձ են ստանում և նոր կադրեր շատ քիչ են գալիս: