Երեկ Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած հանրահավաքի ժամանակ շտապօգնության մեքենան ուշագնաց մի մարդու է տեղափոխել Առաջին հիվանդանոց: Epress.am-ի հետ զրույցում Առաջին հիվանդանոցից փոխանցել են, որ երեկ ժամը 18:45 իրենց մոտ է տեղափոխվել հարբած վիճակում մի տղամարդ: Նա, անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո, 1.5 ժամ անց դուրս է գրվել հիվանդանոցից:
Նշենք, որ այսօր մամուլը տարաբնույթ տեղեկատվություն է տարածել միջադեպի առիթով: «Չորրորդ ինքնիշխանությունը» փոխանցել է, որ հանրահավաքի վայրից ուշագնաց մարդուն տեղափոխել են Առաջին հիվանդանոց, իսկ ահա «Երկիր» օրաթերթը, հղում անելով neonews.am կայքին, գրել է.
«ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի ընթացքում հանկարածամահ է եղել մասնակիցներից մեկը, ով մոտ կես ժամ անօգնական վիճակում պառկած է եղել: Հայրենի ընդդիմադիրներն այնքան զբաղված են եղել հայրենիքի փրկության գործով, որ երկար ժամանակ չեն նկատել իրենց իսկ կողմից բարձրագույն արժեք հռչակած «քաղաքացու» մահը»:
Նշենք, որ այդ տղամարդու ուշագնաց լինելու պահին հարթակից ելույթ էր ունենում ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյան, ով ընդհատեց իր ելույթը և բարձրախոսով դիմեց ոստիկաններին` խնդրելով շտապօգնություն կանչել: