Home / Հայաստան / Սոչիում նախագահների հանդիպման ժամանակ նոր ձևաչափ է ի հայտ եկել. քաղաքագետ

Սոչիում նախագահների հանդիպման ժամանակ նոր ձևաչափ է ի հայտ եկել. քաղաքագետ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` շաբաթ օրը Սոչիում կայացած հանդիպումը չի կարելի հերթական համարել, որովհետև ամեն մի հանդիպում հստակ նպատակ ունի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Ըստ նրա` 2010 թվականի դեկտեմբերի սկզբին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովից ցայսօր գործընթացը կախված էր օդում: Սարգսյանի կարծիքով` նախագահների հանդիպումները վերականգնվում են, իսկ Սոչիում քննարկած թեման պատերազմը կանխելու միջոցառումներին չէր վերաբերում:

«Հիմնական պայմանավորվածությունները վերաբերում էին շփման գծում վերահսկողության ավելացմանը», – ասել է Սարգսյանը:

Իր հերթին, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը մի յուրահատկություն է նկատել այս հանդիպման մեջ. Մայնդորֆյան հռչակագրից հետո, թեկուզ ֆորմալ, բայց առաջին անգամ Ադրբեջանը պարտավորվել է զուսպ լինել շփման գծում:

Բացի դրանից, Մինասյանը նշել է, որ Սոչիի հանդիպումից հետո նոր ձևաչափ է ի հայտ եկել` ակնարկելով Մեդվեդևի, Ալիևի և Սարգսյանի հայտարարության մեջ տեղ գտած հետևյալ հատվածը. «Նախագահներն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց պարբերական շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք այդ ձևաչափով ` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի»:

Սերգեյ Մինասյանը նաև նկատել է, որ ադրբեջանական մամուլն առայժմ զուսպ է իր արձագանքներում: Իսկ Ադրբեջանի վերլուծաբանների ու քաղաքական գործիչների հազվադեպ հնչող հայտարարությունները կոչված են ցույց տալու, որ ոչինչ տեղի չի ունենում:

«Իսկ ռազմական հռետորաբանությունն Ադրբեջանը փորձում է օգտագործել որպես հավելյալ ռեսուրս բանակցություններում», – եզրափակել է քաղաքագետը: